Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակիցը մտերմանում է Ռուսաստանի հետ. WSJ
https://parstoday.ir/hy/news/world-i15277-Խաղաղօվկիանոսյան_տարածաշրջանում_ԱՄՆ_գլխավոր_դաշնակիցը_մտերմանում_է_Ռուսաստանի_հետ._wsj
Մինչ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, Ճապոնիան՝ Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ավելի սերտ կապեր է փնտրում Մոսկվայի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2016 15:06 Asia/Tehran
  • Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակիցը մտերմանում է Ռուսաստանի հետ. WSJ

Մինչ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, Ճապոնիան՝ Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ավելի սերտ կապեր է փնտրում Մոսկվայի հետ:

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ:

«Աբեի համար խնդիրն այն է, որ նա, ձգտելով Պուտինի հետ բարեկամության, ընկնում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դիվանագիտական խաչաձև կրակի մեջ»,- գրում է պարբերականը:

Հանդիպումը նախատեսված է այս ուրբաթ Սոչիում: Ռուսաստանի և Ճապոնիայի ղեկավարները կհանդիպեն 13-րդ անգամ: Միաժամանակ պարբերականն ուշադրություն է դարձնում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Աբեն միայն 7 անգամ է հանդիպել: Դա ապացուցում է, որ նոր էջը ռուս-ճապոնական հարաբերություններում գլխավոր դիվանագիտական առաջնայնությունն է Ճապոնիայի վարչապետի համար, նշում է պարբերականը:

Ռուսաստանին և Ճապոնիային միավորում են մի շարք ընդհանուր շահեր: Էներգետիկ ռեսուրսներով ոչ հարուստ Ճապոնիան ձգտում է դիվերսիֆիկացնել նավթի և գազի իր աղբյուրները: Իսկ Ռուսաստանը գլոբալ հումքային ճգնաժամի ֆոնին նոր ներդրումների կարիք ունի: Ըստ WSJ-ի՝ Մոսկվայի ևս մեկ նպատակն է՝ ցույց տալ, որ չնայած պատժամիջոցներին՝ ինքը մեկուսացման մեջ չէ:

Բացի դրանից՝ Աբեն բազմիցս հասկացրել է, որ ուզում է Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը լուծել նախքան իր պաշտոնից հեռանալը: Այս տարի նա ծրագրում է Պուտինին Ճապոնիա հրավիրել և արդյունքում ինչ-որ համաձայնության հասնել այդ հարցում:

Տոկիոն նաև անհանգստությամբ է վերաբերվում հարևան Չինաստանին, որն ամրապնդում է իր դիրքերը: Հենց Չինաստանի, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի մեջ է Ճապոնիան ներկայումս տեսնում իր համար գլխավոր սպառնալիքը:

Ճապոնիային հատկապես անհանգստացնում է իրավիճակը Հարավչինական ծովում, որտեղ միանգամից մի քանի երկիր վիճարկում է մի շարք կղզիների տարածքային կարգավիճակը:

«Ռուսաստանի չեզոքությունն այդ իրավիճակում Ճապոնիայի շահերից է բխում: Տոկիոն ուզում է, որ Մոսկվան խուսափի զենքի ցանկացած մատակարարումից, որը կարող էր փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,- մեկնաբանում է իրավիճակը Tokyo Foundation հետազոտական կենտրոնի Ռուսաստանի հարցերով փորձագետ Տայսուկե Աբիրուն: