Մամուլի տեսություն 04-05-2016
Իրանը կարողացել է իր նավթի արդյունահանման ծավալը հասցնել ավելի քան 3 միլիոն 800 հազար բարելի:
«Իրան»
Մեծացել է դեպի համաշխարհային շուկա իրանական նավթի արտահանման ծավալը
Իրանի ազգային նավթընկերության միջազգային հարցերով գերատեսուչը տեղեկացրել է դեպի համաշխարհային շուկա իրանական նավթի արտահանման ծավալը մեծացնելու մասին:
Իրանի ազգային նավթընկերության միջազգային հարցերով գերատեսուչ՝ Մոհսեն Ղամսարին «Իրան» թերթի այսօրվա համարին տված հարցազրույցում ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից և շրջափակումների չեղարկումից անցնող մոտ չորս ամիսների ընթացքում , Իրանը կարողացել է իր նավթի արդյունահանման ծավալը հասցնել ավելի քան 3 միլիոն 800 հազար բարելի ,որի մեկ միլիոն 800 հազարը ներքին զտարաններն են սպառում »:
«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից ի վեր, Իրանը անմշակ նավթի շուկայում իր արտահանումների բաժնեմասից վերականգնել է մոտ մեկ միլիոն բարելը», ասել է Մոհսեն Ղամսարին
Նրա խոսքով՝ Իրանն իր այս բաժնեմասի ավելացման համար շարունակելու է ջանքերը, որպեսզի լիովին իրագործի իր արդյունահանման ու արտահանման ծավալների մեծացման ծրագիրը:
«Նավթի նախարարությունը մեկ տարի առաջվանից հաշվարկել ու պլանավորել է՝ շրջափակումների վերացմամբ ավելացնել իր անմշակ նավթի արտահանման ծավալը»-նշել է Իրանի ազգային նավթընկերության միջազգային հարցերով գերատեսուչը :
«Ջոմհուրի էսլամի»
Արևմուտքը և Սիոնիստական ռեժիմը հանդիսանում են Իսլամ աշխարհում ընթացող պատերազմի գլխավոր պատճառները
Արևմուտքը և Սիոնիստական ռեժիմը շարունակում են ճգնաժամ հարուցել ու պատերազմ հրահրել Իսլամ աշխարհում:
«Ջոմհուրի էսլամի»թերթի խմբագրական հոդվածում ասված է.«Իսլամական երկրներում ընթացող պատերազմները ,որոնք իրականանում են թաքֆիրական- ահաբեկչական խմբավորումների կողմից միջնորդավորված պատերազմներ են,որոնք առաջնորդվում են գաղութարարական ուժերի,ներառյալ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կողմից»:
Իսլամաֆոբիայի պլանավորված ու հաշվարկված քաղաքականությունը,որ արևմտյան պետությունները վաղուց ներառել են իրենց օրակարգում, արևմուտքում իսլամի օրավուր աճը կանխելու նպատակով տարբեր ձևերով գործադրման է հանձնվում: Իսլամ աշխարհի մեծերը պետք է կառավարությունների ընձեռած հնարավորություններով և միաբանությամբ դիմակայեն ահաբեկչական խմբավորումներին»,-գրում է թերթը:
«Չնայած արևմուտքի ու սիոնիստական ռեժիմի բարոյական արժեքներին դեմ գնացող քայլերին, նրանց չի հաջողվել արևմտյան երկրներում կանխել իսլամի տարածումը»,- եզրափակում է Ջոմհուրի էսլամի թերթը:
----
Hayeli.am
Շավարշ Քոչարյանը բացել է որոշ փակագծեր. Որն է հայկական և ադրբեջանական կողմերի պատկերացրած փուլային լուծումը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որոշ փակագծեր է բացել ԼՂՀ խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին: Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը:
Իսկ ի՞նչ է ենթադրում փուլային տարբերակը: Պարզվում է՝ հայկական և ադրբեջանական կողմի պատկերացումներն էականորեն տարբերվում են: Շավարշ Քոչարյանը Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման հետ զրույցում հայտարարել է, որ փուլային տարբերակի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ:
Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վստահեցրել էր, թե Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և Բաքուն կողմ է խաղաղ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ փուլային տարբերակին: Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվելով փաթեթայինից, լուծումը տեսնում է փուլային տարբերակի մեջ,սակայն փուլային ասելով՝ հասկանում է, այսպես կոչված,«օկուպացված տարածքների վերադարձ», որից հետո միայն կարելի է խոսել մնացած հարցերի, մասնավորապես Ղարաբաղի կարգավիճակի մասին:
«Մենք ասում ենք, դեմ չենք փուլայինի տարբերակին, որը սակայն բոլորովին այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի և Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել ԼՂ Հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ներկա իրավիճակում բանակցային գործընթացին առնչվող Հայաստանի մոտեցումները, որն ուղղակիորեն բխում է քառօրյա պատերազմից, որը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ի սկզբանե իր կողմից որդեգրած ռազմական, ուժային քաղաքականությունից: Կար 1994 թ-ի մայիսի 12-ին զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, ավելին՝ կա նույն թվականի արդեն հունիսի 27-ի պայմանագիրը, որտեղ ուղղակի նշված է, որ զինադադարը գործելու է մինչեւ մեծ քաղաքական պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանը փաստորեն սկսեց նոր պատերազմ՝ չսպասելով մեծ քաղաքական պայմանագրի ստորագրմանը:
«Չի կարելի խոսել որևէ տարածքի զիջման մասին առնվազն երկու պատճառով. նախ դրա մասին կարող է խոսել միայն Լեռնային Ղարաբաղը և երկրորդ՝ երբ հակառակորդը ընդհանրապես բացառում է որևէ կարգավիճակ, խոսել զիջումների մասին, անիմաստ է: Միակողմանի զիջումներ չեն լինում»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, որը շատ հստակ արձանագրում է մի պարզ իրողություն. տարածքների վերադարձը խաղաղության երաշխիք չէ:
---
Financial Times
ԵՄ բանակ ստեղծելու խնդիրը կրկին օրակարգում
Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիան մտադիր է կոչ անել ԵՄ անդամ պետություններին սկսելու աշխատանքներ Եվրոպական միասնական զինված ուժերի ստեղծման ուղղությամբ: Համաձայն աղբյուրի՝ Գերմանիան պաշտոնապես հանդես կգա նման առաջարկով արդեն հուլիսին:
Նշենք, որ Եվրոպական միության շրջանակներում միացյալ զորքերի ստեղծման գաղափարը բնավ նոր չէ: Ավելին, դրա ստեղծման մասին խոսվում էր դեռ 1950-ականներին, երբ, ըստ էության, դրվում էին ԵՄ հիմքերը: Այդ գաղափարի շուրջ քննարկումները շարունակվեցին նաև հաջորդող տարիների ընթացքում, իսկ առավել խորը մշակված, ձևավորված տեսքով հանդես եկան արդեն 1980-ականներին:
Եվրոպական միության անդամ երկրների ճնշող մեծամասնությունը կողմ են միացյալ զինված ուժեր ունենալու գաղափարին: Բացի նրանից, որ այն ավելի կմեծացնի ԵՄ-ի դերը, կդառնա անմիջականորեն Եվրոպայի ձեռքում գտնվող անվտանգության երաշխավոր (ի տարբերություն ՆԱՏՕ-ի), այն նաև էապես կնվազեցնի եվրոպացիների՝ անվտանգության համար արվող ծախսերը (տարբեր հաշվարկներով՝ տարեկան մինչև 120 միլիարդ եվրո):
Փոխարենը, հարցին խիստ բացասաբար է վերաբերվում Բրիտանիան: Երբ 2015-ի մարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հերթական անգամ բարձրաձայնեց միացյալ զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին, բրիտանական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց. «Այս հարցում մեր մոտեցումը շատ հստակ է. պաշտպանությունն առանձին պետությունների պարտավորությունն է, և ոչ ԵՄ-ինը: Նման մոտեցման փոփոխության համար նախադրյալներ չկան, ճիշտ այնպես, ինչպես և չկան եվրոպական զորքերի ստեղծման հեռանկարներ»: Իհարկե պարզ է, որ եվրոպական զինված ուժերի ստեղծումն էապես կթուլացնի ՆԱՏՕ-ն, ինչը բնավ չի բխում անգլո-ամերիկյան շահերից: Մեծ մասամբ սրանով է բացատրվում Բրիտանիայի այսքան կոշտ դիրքորոշումը, գրում է թերթը:
Ժամանակ առ ժամանակ Եվրոպայում նոր թափով սկսվում է քննարկվել եվրոպական միացյալ զորքերի ստեղծման հարցը: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են գալիս հայտարարություններով, կոչերով ու հիմնավորումներով, սակայն ակնհայտ է, որ նման բնույթի հարցը մեկ կամ երկու օրում, կամ նույնիսկ տարում չի կարող լուծվել: Նույնիսկ համընդհանուր միավորման ու համախմբման դեպքում, բազմաթիվ տարիներ կպահանջվեն, մինչև եվրոբանակի գաղափարը իրականություն դառնա: Այն մոտ ապագայում դեռ տեսանելի չէ: