Դավութօղլուն իր հետ կտանի հայ-թուրքական արձանագրությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե երկրի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռացումը խնդիրներ չի ստեղծի պետական ղեկավարման համար: Նա ընդգծել է, որ քաղաքական վերջին իրադարձություններն ուղղակիորեն չեն ազդի երկրի տնտեսության վրա:
Էրդողանը հավաստիացնում է, որ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը «անհրաժեշտություն է» և ոչ թե բխում է իր անձնական շահերից: Թուրքիային անհրաժեշտ է կառավարման նախագահական ձև, պնդում է Էրդողանը` բացատրելով, թե դա բխում է Թուրքիայի ժողովրդի շահերից. «Պետք չէ վախենալ կառավարման խորհրդարանական ձևի անցումից նախագահականին»:
Թուրքիան «ուժեղ պետություն» դարձնող Էրդողանն իր տեսլականով, սակայն ամենևին էլ հույս չի ներշնչում անգամ Թուրքիայի փորձագիտական, լրագրողական շրջանակների համար:
Առհասարակ, ակնհայտ նկատվում է, որ փորձելով ստանալ ավելի մեծ իշխանություն՝ Էրդողանը զտումներ է իրականացնում դատական մարմիններում, իշխանության ներսում, ճաղերի հետևում են հայտնվում ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներ: Թուրքիան ավելի ու ավելի է մոտենում բռնատիրության:
Թեև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման` «ֆուտբոլային դիվանագիտությունն» էլ հաջողությամբ չպսակվեց, բայց հիմա կարելի է միանշանակ պնդել, որ Էրդողանից այժմ այս ուղղությամբ որևէ դրական քայլ չի կարելի ակնկալել: Դավութօղլուի հեռանալով ավարտվեց հայ-թուրքական արձանագրությունները երբևէ կյանքի կոչելու հնարավորությունը, թեև հիմա էլ դրա ապագայի համար մեծ հույսեր չկային:
hayeli.am
10/5/2016