Մամուլի տեսություն 10-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i16207-Մամուլի_տեսություն_10_05_2016
Հունաստանում տնտեսական ճգնաժամը տակավին շարունակվում է և Սիրիզա իշխող ձախակողմյան կուսակցությունը չի կարողացել կանխել կոշտ բարեփոխումների ու քայլերի իրականացումն այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2016 13:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-05-2016

Հունաստանում տնտեսական ճգնաժամը տակավին շարունակվում է և Սիրիզա իշխող ձախակողմյան կուսակցությունը չի կարողացել կանխել կոշտ բարեփոխումների ու քայլերի իրականացումն այդ երկրում:

 

«Ռեսալաթ»

Եվրոպայի տնտեսական քաղաքականությունների բացասական ազդեցությունը Հունաստանի ներքին իրավիճակի վրա

Եվրոպայի տնտեսական քաղաքականությունները բացասաբար են ազդել Հունաստանի ներքին իրավիճակի վրա։

Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ թերթի վերլուծականում ասված է․-«Հունաստանում տնտեսական ճգնաժամը տակավին շարունակվում է և Սիրիզա իշխող ձախակողմյան կուսակցությունը չի կարողացել կանխել կոշտ բարեփոխումների ու քայլերի իրականացումն այդ երկրում։

«Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այն դեպքում են վավերացրել տնտեսական ու ֆինանսական բարեփոխումների փաթեթը ,երբ Աթենքի ձախակողմյան կառավարությունը հույս ունի ,որ այդ քայլով կկարողանա սիրաշահել արտասահմանյան վարկատուներից ֆինանսական նոր աջակցություն ստանալու համար»-ասված է Ռեսալաթ թերթի վերլուծականում։

«Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս հայտարարել է,որ եթե չընդունվի Հունաստանի պարտքերի կրճատման նախագիծը ,ապա այդ կառույցը դուրս կգա միջազգային աջակցողների խմբից։ 

Հունաստանի ժողովուրդը հանդես է եկել եվրոգոտուց դուրս գալու պահանջով» գրում է Ռեսալաթ թերթը: 

--- 

«Էըթեմադ» թերթ

Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է

Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականի համոզմամբ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքն է։

Թեհրանում լույս տեսնող Էըթեմադ թերթին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական՝ Սեյյեդ Մոհամմեդ Սադրն ասել է․-«Իսլամ աշխարհի միասնությունը արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի ռազմավարական գերակայությունն է»։

«Տարածաշրջանում և իսլամական երկրներում Իրանի քաղաքականությունը երբեք Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականության նման չէ, որն ուղղված է մուսուլմանական երկրների դեմ», ընդգծել է Սեյյեդ Մոհամմեդ Սադրը։

«Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ին ուղղված Իրանի իսլամական հանրապետության մարդասիրական ու ռազմական օգնություններն իրականանում են Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի շրջանակներում», նշել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականը։

  ---

Galatv.am

ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Էրդողանը կարող է բացել սահմանները

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Եվրամիությունն այլընտրանքային տարբերակներ է փնտրում Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնության հասնելու համար»,-գրում է գերմանական Bild հանդեսը:

«Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում եւս շարունակի «ռմբահարել» հակաահաբեկչական օրենքների խստացման որոշումները, Եվրամիությունն իր հերթին կարող է չեղարկել այդ երկրի հետ ծրագրված ոչ վիզային ռեժիմը: ԵՄ-ում շատ են մտավախությունները, որ որպես պատասխան քայլ Էրդողանը կարող է բացել սահմանները, եւ այդ դեպքում հազարավոր փախստականներ կրկին կհեղեղեն Եվրոպան»:

«Եվրամիության երկրների վարչապետները քննարկում են Անկարայի հետ համաձայնության այլընտրանքային տարբերակներ: Ըստ այդմ, հնարավոր է, որ փախստականների ընդունման հիմնական կետեր հանդիսանան հունական կղզիները, որոնց հետ ծովային հաղորդակցությունը կարող է դադարեցվել»:

«Ինչպես հայտարարել է ԵՄ երկրներից մեկի անանուն պաշտոնյան, կղզիներ ժամանած փախստականներն այնտեղ էլ կմնան, իսկ ապաստան խնդրողները մերժում ստանալուց հետո ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք: Այս դեպքում Հունաստանը կստանա 6 մլրդ եվրո գումարը, որը նախատեսված էր Անկարայի համար»,-գրում է Bild-ը:

---

 

News.am

Ղարաբաղում ռազմական գործողությունները, հավանաբար, կսկսվեն Բաքվում Ֆորմուլա-1-ի անցկացումից հետո․ Բրիտանացի վերլուծաբան

Ապրիլին սանձազերծված բռնության չորս օրվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը վերսկսվեց: Հրադադարի մասին նոր համաձայնություն ձեռք բերվեց, բայց այն արդեն խախտվել էր: Այս մասին «Politico Europe» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

«Չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոսնիականի նման հակամարտությունից երկու-երեք քայլ են հեռու, որը կարող է ներառել ամբողջ տարածաշրջանը»,- գրում է դե Վաալը:

Վերլուծաբանը նշում է, որ հրադադարի մասին համաձայնությունը մի քանի տարի շարունակ «խիստ լարվածության տակ էր»: Ադրբեջանն ավելացնում էր ծանր սպառազինությունների զինանոցը, իսկ երկու կողմից հնչող հռետորաբանությունն ավելի ծայրահեղ էր, քան 1990-ական թվականներին:

«Հրադադարը ճեղքվածք տվեց ապրիլի 2-ին, իսկ ամենահավանական պատճառը հայկական պաշտպանությունը ստուգելու եւ նրան ավելի թույլ դիրքերից բանակցել ստիպելու՝ ադրբեջանական փորձն էր: Ադրբեջանական զինվորականները վերականգնեցին կորցրած տարածքների կտորներ, ինչպես նաեւ շատ բան կորցրած հպարտությունից»,- կարծում է վերլուծաբանը:

Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ մարդ զոհվեց: Փորձագետների գնահատմամբ, զոհերի թիվը շուրջ 200 է, սպանվեցին նաեւ քաղաքացիական անձինք:

Դե Վաալը նշում է, որ երկու կողմի սպառազինությունների հսկայական զինանոցի պարագայում նոր բախումը կարող է դյուրությամբ վերաճել ավելի մեծ հակամարտության, քան 1991-94 թվականների պատերազմն է: Բաքուն ու Երեւանը կարող են վկայակոչել, համապատասխանաբար, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ռազմական օգնության մասին իրենց պայմանագրերը, բայց այդ երկրները, ըստ դե Վաալի, չեն ցանկանում մասնակցել եւ մեծ ճնշման տակ են՝ այդ տարածաշրջանում իրենց պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, անհանգստությունը մեծանում է նաեւ հարեւան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ հայեր եւ ադրբեջանցիներ են բնակվում: BP ընկերության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որն անցնում է երկրի տարածքով, նույնպես կարող է թիրախ դառնալ:

Այսպիսով, դե Վաալի կարծիքով, անվտանգության վակուումը կարող է լրացվել կա՛մ լուրջ քաղաքական բանակցություններով, կա՛մ լայնածավալ բախումներով:

Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է նոր բանակցություններ եւ իր ռազմական ուժը որպես լծակ օգտագործել, մինչդեռ Հայաստանը չի պատրաստվում որեւէ բանի համաձայնել Ադրբեջանի ճնշման ներքո եւ «անվտանգության երախշիքներ» է պահանջում:

Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե առաջընթաց չարձանագրվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել Ադրբեջանի համար այդքան ցանկալի Ֆորմուլա 1-ից հետո՝ հունիսի վերջին: «Կարող ենք միայն հույս ունենալ, որ Կովկասում ավելի ինտենսիվ ռազմական գործողությունների եւ ամբողջ տարածաշրջանի համար դրանց հետեւանքների հեռանկարը կսրի հակամարտության լուծման ուղղությամբ ուշադրությունը, որը շատ երկար ժամանակ անտեսվում էր»,- ամփոփում է հեղինակը: