ՌԴ-ից հետո ԱՄՆ-ն կանցներ Չինաստանին. Մեդվեդևը՝ Արևմուտքի ռազմավարության մասին
Վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ի պարզունակ խաղի նպատակը Ռուսաստանն էր, հետո հերթը կհասներ Չինաստանին, ինչը կհանգեցներ ծանր ճգնաժամի և միջուկային պայթյունի։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram-ալիքում։
«Վերջին 30 տարիների ընթացքում ապաշնորհ ու պարզունակ խաղի թիրախը Ռուսաստանն էր։ Բացատրությունը մեկն է. այն թշնամի է: Ի՞նչ ԽՍՀ Միության իրավահաջորդներ, եթե անգամ ավելի սկզբունքային գաղափարական հակասություններն այլևս չկան։ Ուրեմն պետք է Ռուսաստանին նվաստացնել, սահմանափակել, խարխլել, բաժանել ու քանդել։ Ինչպե՞ս դա կանդրադառնա մոտ ապագայում Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի վրա։ Կարևոր չէ։ Այդ մասին ոչ ոք երբեք չի էլ մտածել»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Մեդվեդևն առաջարկել է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար Միացյալ Նահանգների ռազմավարության իրագործումից հետո։
«Հիմա եկեք պատկերացնենք, որ հակամարտության այս փուլում Ամերիկային ամեն ինչ հաջողվել է։ Սպիտակ տան անհեռատես ստրատեգները Ռուսաստանում համակարգային քաղաքական և տնտեսական ճգնաժամ են առաջացրել։ Թուլացրել և պառակտման եզրին են հասցրել հսկայական, շատ բարդ երկիրը։ Եվ ահա արդյունքը․ խոշորագույն միջուկային տերություն՝ անկայուն քաղաքական ռեժիմով, թույլ ղեկավարությամբ, քանդված տնտեսությամբ և առավելագույն քանակի միջուկային մարտագլխիկներով, որոնք ուղղված են ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող թիրախներին»,-նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդևը համոզված է, որ հաջորդ նպատակը կդառնար Չինաստանի բացարձակ թուլացումը։
«Եվ այդ դեպքում ընդամենը մի երկու քայլ է մնում մինչև ծանրագույն գլոբալ ճգնաժամը, էներգետիկ և պարենային կոլապսը, հավաքական անվտանգության բոլոր համակարգերի ձախողումը և շուտով՝ Մեծ միջուկային պայթյունը, որը ճանապարհ կբացեր դեպի նոր տիեզերական սինգուլյարությունը՝ դեպի Դժոխք։
Ձեզ դո՞ւր է գալիս այդպիսի հեռանկարը, պարոնա՛յք։ Հոյակապ ծրագիր է։ Բրավո՜, Պետդեպի և Կապիտոլիումի ստրատեգներ։ Բրավո՜, K Street-ի վերլուծաբաններ։ Բրավո, սենատի տարեց անդամներ։ Բրավո՜, Mr. President․ Մենք արդեն մերն ապրել ենք, կարելի է չվախենալ, չէ՞ որ 80 տարեկանում արդեն ոչինչ առանձնապես սարսափելի չէ»,-ավելացրել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է ԱՄՆ-ին տեսնել որպես ուժեղ և խելացի երկիր, այլ ոչ թե աստիճանաբար ծերունական մառազմի մեջ ընկնողների ապաստան։
Մեդվեդևը հավելել է, որ ՌԴ-ն կցանկանար ԱՄՆ-ին տեսնել նաև որպես պատասխանատու պետություն, որը կատարում է մեծ տերության բոլոր գործառույթները, որպես մի պետություն, որը փորձում է լուծել իր բազմաթիվ ներքին խնդիրները, այլ ոչ թե խաթարում է այլ երկրների զարգացումը:
«Այդ ամենը հնարավոր է։ Եթե դուք, իհարկե, չեք կարծում, թե ԱՄՆ-ի նախագահի անունը Վոլոդիմիր Զելենսկի է և պարբերաբար օգնականներին չեք հարցնում, թե ինչպես է ճիշտ գրվում՝ Իրա՞ք, թե՞ Իրան»,-նկատել է ռուս քաղաքական գործիչը։
armeniasputnik.am