Նյու Յորքի նախկին եպիսկոպոսը խոստովանել է, որ թաքցրել է մանկապղծության դեպքերը
Նյու Յորք նահանգի նախկին եպիսկոպոսը դատարանում խոստովանել է, որ անտեսել է 11 քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքեր և կանխել է դրանց բացահայտումը։
Օլբանիի նախկին եպիսկոպոս Հավարդ Հաբարդը 2021 թվականի ապրիլին Նյու Յորք նահանգի գերագույն դատարանում երդում տալուց հետո, խոստովանել է, որ 25 տարի շարունակ՝ 1977-ից 2002 թվականներին, տեղյակ է եղել քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին, սակայն դրանց մասին չի հայտնել ոստիկանությանը:
Գործի վերաբերյալ 680 էջանոց զեկույցը դատավորի հրամանով հրապարակվել է ուրբաթ օրը: Ամերիկյան ԶԼՄ-ները տարբեր կերպ են արձագանքել այս լուրին:
Չիկագոյում տեղակայված Եկեղեցու կողմից սեռական ոտնձգության ենթարկվածների պաշտպանության ասոցիացիան գոհունակություն է հայտնել, որ եկեղեցու պաշտոնյաները և հասարակությունն այժմ քաջատեղյակ են, որ նախկին եպիսկոպոսները ներգրավված են եղել քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը թաքցնելու հարցում: