ՄԱԿ-ը ողջունում է բանակցությունները շարունակելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/world-i168650-ՄԱԿ_ը_ողջունում_է_բանակցությունները_շարունակելու_Ռուսաստանի_և_Ուկրաինայի_պատրաստակամությունը
Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը շարունակելու երկկողմ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 16:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը ողջունում է բանակցությունները շարունակելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը շարունակելու երկկողմ բանակցությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզամարի դի Կառլոն՝ շեշտելով, որ բանակցություններում արձանագրված առաջընթացը պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների:

Դի Կառլոյի խոսքով՝ ռուս և ուկրաինացի դիվանագետները շարունակում են ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:

«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը փոխըմբռնման հասնելու նպատակով: Ցանկացած առաջընթաց, որը կարձանագրվի բանակցությունների ընթացքում, պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ռուս-ուկրաինական բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել մարտի 29-ին Ստամբուլում: Բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին որոշակի առաջընթացի մասին: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ Ռուսաստանը «հսկայական քայլեր է արել» խաղաղության հասնելու ուղղությամբ: Իր հերթին ուկրաինական կողմը կոնկրետ առաջարկներ էր ներկայացրել հակամարտության կարգավորման և ապագա խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ:

armenpress.am