Մամուլի տեսություն 15-05-2016
Չնայած Բալթիկ ծովի տարածաշրջանում ՌԴ-ի ներկայության կապակցությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայտնած մտահոգությանը, Վլադիմիր Պուտինը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ռումինիայում տեղակայված ԱՄՆ-ի հրթիռային համակարգերի սպառնալիքին վերջ դնելու համար:
Ռեսալաթ
ԱՄՆ-ՌԴ լարվածությունը շարունակվում է
Եվրոպայում ընթացող անվտանգության ճգնաժամերի ,հատկապես Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ՌԴ լարվածությունը շարունակվում է:
Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ օրաթերթն իր այսօրվա վերլուծականում գրել է.«Այն դեպքում ,երբ Ռուսաստանը հայտարարել է,որ ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելը իր անվտանգության կարմիր գիծն է, Վաշինգտոնն ու Արևմուտքը մտադիր են իրագործել այն»:
«Ժամանակի ընթացքում ոչ միայն չեն կարգավորվել արևմուտքի և ՌԴ-ի միջև անվտանգության հակամարտությունները, այլև ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման վերջերս նախազգուշացրել է Եվրոպայի հյուսիսային հատվածում ՌԴ-ի ռազմական ներկայության կապակցությամբ» գրում է Ռեսալաթ թերթը:
«Այն դեպքում երբ Սիրիայի հարցով սրվել է Ռուսաստանի և արևմուտքի միջև լարվածությունը , Բարաք Օբաման Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու հարցով հանդիպել է Դանիայի , Իսլանդիայի , Ֆինլանդիայի , Շվեդիայի և Նորվեգիայի ղեկավարների հետ»:
«Չնայած Բալթիկ ծովի տարածաշրջանում ՌԴ-ի ներկայության կապակցությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայտնած մտահոգությանը, Վլադիմիր Պուտինը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ռումինիայում տեղակայված ԱՄՆ-ի հրթիռային համակարգերի սպառնալիքին վերջ դնելու համար»-ամփոփում է թերթը:
Ռեսալաթ
ԱՄՆ-ում տարաձայնություն կա Իրանի հետ բանկային գործարքների վերաբերյալ
Քաղաքական հարցերով փորձագետն ասել է.«Իրանի հետ եվրոպական բանկերի գործարքների եղանակի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների միջև տարաձայնություն կա»:
Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ օրաթերթին տված հարցազրույցում քաղաքական հարցերով փորձագետ՝ Հասան Բեհեշթիփուրը նշել է.«Սպիտակ Տունը լուրջ տարաձայնություն ունի Իրանի հետ եվրոպական երկրների բանկային գործարքների եղանակի վերաբերյալ և հանրապետականներն ու սիոնիստական լոբբին ,որոնք դեմ էին Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին , ուզում են կանխել դրա իրագործումը»:
«ԱՄՆ գանձապահության նախարարությունը խնդիրներ հարուցելով Իրանի հետ եվրոպական բանկերի գործարքների կապակցությամբ փորձում է Իրանում բանկային գործակցության ու ներդրման ռիսկը բարձրացնել» , հստակեցրել է Բեհեշթիփուրը:
Նա ընդգծել է.«Եվրոպական բանկերի մտահոգությունները փարատելու և գործնական մեխանիզմներ գտնելու համար բարձր մակարդակներում ԱՄՆ պաշտոնատարների հետ Իրանի բանակցությունների շարունակումը անհրաժեշտություն է»:
Armedia.am
Վիեննայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման կարևորությունն ու խնդիրները
Հեղինակ՝ Աննա Կարապետյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում մայիսի 16-ին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար։ Այս օրերին շատ է խոսվում կայանալիք հանդիպման նշանակության, ակնկալիքների, ելքերի մասին։ Սակայն, արդեն այս պահին կարելի է արձանագրել մի քանի հանգամանք։
Ապրիլյան սրացումից հետո զգալի ակտիվություն էր ցուցաբերում Ռուսաստանը, վերջինիս միջնորդությամբ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերվեց կրակի դադարեցման շուրջ, մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ակտիվ այցելություններ էին կատարում Հայաստան և Ադրբեջան։ Քննարկվում էր նաև այսպես կոչված «Լավրովի պլանը», որը ենթադրում էր հակամարտության արագ կարգավորում՝ ըստ Ռուսաստանի տեսլականի։ Եվ այս տրամաբանության ներքո շատերն էին սպասում, որ վերադարձը բանակցություններին նույնպես տեղի կունենա Ռուսաստանի միջնորդությամբ։ Բայց ականատեսը եղանք նրա, որ նախագահների հանդիպմանը, եթե այն կայանա, ներկա կգտնվեն բոլոր երեք համանախագահող երկրների արտգործնախարարները։
Դա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահները գիտակցում են Ռուսաստանի կողմից բանակցային գործընթացի միջնորդության մոնոպոլիզացման վտանգները, մյուս կողմից՝ ձգտում են ցույց տալ, որ լծակներն իրենց ձեռքից բաց չեն թողնում։ Սա առնվազն կանխում է համանախագահներից միայն մեկի շահերից բխող անկանխատեսելի զարգացումները ինչպես մյուս համանախագահների, այնպես էլ հակամարտության կողմերի համար:
Չի կարելի բացառել նաև այն սցենարը, որի ներքո այժմ եռանախագահները կհամախմբեն իրենց ուժերը կողմերին բանակցությունների վերադարձնելու, վստահության միջոցների հաստատմանը հասնելու համար, իսկ արդեն անմիջական քաղաքական կարգավորման միջնորդության բեռն իր վրա կփորձի վերցնել նրանցից մեկը։
Մյուս կարևոր հանգամանքը, որ հարկավոր է շեշտել, այն է, որ համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության, այս հանդիպման ընթացքում քննարկվելու են վստահության միջոցներն ու հրադադարի ամրապնդման միջոցառումները։ Եվ արդեն դրանց հաստատումը համապատասխան միջավայր կստեղծի կարգավորման սկզբունքների շուրջ բանակցություններին վերադառնալու համար։ Ըստ էության, սրա մասին էին ասում նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, երբ հայտարարում էին, որ իրավիճակը փոխվել է, և այժմ խոսել բանակցությունների մասին տեղին չէ, մինչ այդ հարկավոր է ամրապնդել հրադադարն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմներ հաստատել:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հայկական կողմի մոտեցումներն այսօր առավել օբյեկտիվ են և ընկալելի միջնորդների համար։ Մյուս քայլն այս ուղղությամբ պետք է լինի ԼՂՀ-ին բանակցային սեղան վերադարձնելը և միջնորդների ու Ադրբեջանի մոտ այն գիտակցման ամրապնդումը, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել հակամարտության վերջնական և հարատև կարգավորման։
Քաղված Armedia.am կայքից
---
«Ժամանակ»
Ռուսական ինքնաթիռները ծանր զինատեսակներ են տեղափոխում Գյումրիի ավիաբազա
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին՝ Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»»,- գրում է թերթը։
---
Politico
Ինչու է մեզ անհրաժեշտ տեղայնացնել ճգնաժամն Անդրկովկասում
«Կարելի է առանց չափազանցության ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոսնիական ոճով հակամարտությունից երկու կամ երեք քայլ հեռավորության վրա են գտնվում, ինչը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասում է Կարնեգի եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը Politico-ի համար գրված հոդվածում:
«Ապրիլյան քառօրյա պատերազմն արթնացրեց վաղեմի թշնամանքը: Ադրբեջանցիները դեռ զգում են նվաստացումը, որը կրել են ավելի քան 20 տարի առաջ: Ամբողջ երկրում սկսվել է հայրենասիրական տրամադրությունների վերելք՝ հարմար միջոց ազգաբնակչությանը սոցիալական եւ տնտեսական ճգնաժամից շեղելու համար, որի ընթացքում ազգային արժույթը՝ մանաթը կրկնակի արժեզրկվել է անցյալ տարվա համեմատ»:
«Ազգայնական զգացմունքների նման վերելք է տեղի ունենում նաեւ Հայաստանում,- ասվում է հոդվածում: Պատերազմից հանկարծակիի եկած, երկիրը վերապրել է սթափեցնող մի քանի օր: Երիտասարդ հայերը որպես կամավոր մեկնել են ռազմաճակատ»:
«Զենքի խոշոր զինանոցներով, որոնք այժմ առկա են երկու կողմերի մոտ, նոր մարտական գործողությունները կարող են հեշտությամբ վերաճել բաց հակամարտության` շատ ավելի կործանարար, քան հայ-ադրբեջանական պատերազմը 1991-1994 թթ.-ին,- կարծում է դե Վաալը: -Բաքուն եւ Երեւանը կարող են հիշել ռազմական օգնության պայմանագրերի մասին Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ: Այս երկրներից ոչ մեկը չի ցանկանում խրվել, սակայն տարածաշրջանում իրենց պարտականությունների կատարումը կարող է նրանց համար դառնալ անհրաժեշտություն»:
«Մտահոգված են նաեւ տարածաշրջանում մյուս հարեւանները` հատկապես Վրաստանը, ով կարող է փորձության առաջ կանգնել: Հայերն ու ադրբեջանցիները երկու խոշորագույն փոքրամասնություններն են Վրաստանում: Ղարաբաղի շուրջ առաջացել է անպաշտպան գոտի: Լրացնել այդ վակուումը կարելի է միայն լուրջ խաղաղ բանակցություններով կամ նոր մարտերով»,- վստահ է հեղինակը:
«Այն տարածված կարծիքը, որ եթե իրավիճակը վատթարանա «Ռուսաստանը կլուծի խնդիրը», սխալ է,- կարծում է դե Վաալը: -Դա կլինի մարտահրավեր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար: Եթե հիմա չհասնենք առաջընթացի, հավանական է պատերազմի վերսկսում Բաքվում «Ֆորմուլա 1»-ի երկար սպասված մրցարշավից հետո, որը կավարտվի հունիսի վերջին: Կարելի է միայն հուսալ, որ Անդրկովկասում ավելի լարված պայքարի հեռանկարը և տարածաշրջանի համար վտանգավոր դրա հետեւանքները կստիպեն կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա նրանց, ովքեր չափազանց երկար են անտեսել այն»,- ամփոփում է հեղինակը:
Քաղված՝ Galatv.am կայքից