Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը:
Լավրովը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերներին, որ նրանք արձագանքել են ռուսական կողմի առաջարկին՝ օգտվել ԱՊՀ ԱԳՆԽ-ի մասնակցությամբ հանդիպումից, ինչը թույլ կտա շարունակել եռակողմ հայտարարությունների կատարման դիտարկման համատեղ աշխատանքը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի` Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության բարձրացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորման համար պայմանների ստեղծմամբ:
«Հուսով եմ` այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որ գծել են մեր ղեկավարները», - ասել է նա:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նշել է` հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկվի այն առաջընթացը, որը կարող է ձեռք բերվել:
Նա ասել է, որ վերջին շրջանում բավական ինտենսիվ շփումներ են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացը սկսելու համար։
«Կարծում եմ` առաջիկայում հնարավոր կլինի սկսել այդ գործընթացը», - ասել է նա:
Բայրամովը միաժամանակ նշել է, որ դեռ չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքում:
armeniasputnik.am