Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները փակ բանակցություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i175546-Թուրքիայի_և_Մեծ_Բրիտանիայի_պաշտպանության_նախարարները_փակ_բանակցություններ_են_անցկացրել
Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև, ով այցով գտնվում է Թուրքիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 14:23 Asia/Tehran
  • Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները փակ  բանակցություններ են անցկացրել

Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև, ով այցով գտնվում է Թուրքիայում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT-ն:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է դռնփակ։

Հաղորդվում է, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը։

Անդրադարձ է եղել նաև ուկրաինական հացահատիկի հարցի լուծմանը։

Հուլուսի Աքարն իր մամուլի հայտարարության մեջ ընդգծել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում շարունակվում են ռազմավարական գործընկերության հիման վրա։

Այժմ գերատեսչություններն աշխատում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման լիցենզիայի սահմանափակումների վերացման ուղղությամբ։

Թուրք նախարարը նշել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայում շուտափույթ հրադադար հայտարարել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար՝ միաժամանակ աջակցելով պատերազմից տուժած երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

armenpress.am