Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. ՅՈՒՆԻՍԵՖ
(last modified Sun, 26 Jun 2022 16:17:20 GMT )
Հունիս 26, 2022 20:47 Asia/Tehran
  • Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի, հակամարտությունների, բռնության և այլ տիպի ճգնաժամերի պատճառով 36.5 միլիոն երեխաներ տեղահանվել են իրենց տներից 2021 թվականի վերջի դրությամբ. սա Երկրորդ աշխարհամարտից հետո գրանցված ամենամեծ ցուցանիշն է:

Այս թիվը ներառում է հակամարտությունների և բռնության պատճառով տեղահանված 13.7 միլիոն փախստական և ապաստարան փնտրող և գրեթե 22.8 միլիոն ներքին տեղահանված երեխա:                   

Այս թվի մեջ ներառված չեն կլիմայի և շրջակա միջավայրի (բնապահպանական) ցնցումների և աղետների հետևանքով տեղահանված երեխաները, ինչպես նաև ուկրաինական պատերազմի պատճառով տեղահանված երեխաները:

Տեղահանված երեխաների ռեկորդային բարձր ցուցանիշը հետևանք է շարունակվող ճգնաժամերի, այդ թվում՝ սուր և երկարատև հակամարտությունների, ինչպիսիք են Աֆղանստանում տեղի ունեցողը, հեղհեղուկ (քաղաքական) իրավիճակն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը կամ Եմենը և կլիմայի փոփոխության հետևանքով սրված ցնցումները:

Երեխաների տեղահանումը չափազանց արագ տեմպով է ավելանում: Նախորդ տարվա ընթացքում տեղահանված երեխաների թիվն աշխարհում ավելացել է 2,2 միլիոնով։

«Մենք չենք կարող արհամարհել փաստերը: Հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով տեղահանվող երեխաների թիվը արագորեն աճում է, զուգահեռաբար աճում է նաև նրանց հասնելու և աջակցելու մեր պատասխանատվությունը, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, - հուսամ՝ այս տագնապալի թիվը կառավարություններին կստիպի քայլեր ձեռնարկել, նախ՝ կանխարգելելու տեղահանումները, իսկ եթե, այնուամենայնիվ, երեխաները տեղահանվել են, ապահովելու նրանց բարեկեցությանը և զարգացմանը հիմա և ապագայում նպաստող կրթության, պաշտպանության և այլ կարևորագույն նշանակության ծառայությունների հասանելիությունը»:

Ուկրաինական ճգնաժամը, որի հետևանքով ավելի քան 2 միլիոն երեխա է լքել երկիրը, իսկ ներքին տեղահանվել 3 միլիոն, գալիս է գլխավորելու այս ցուցանիշը: Ի լրումն, երեխաներն ու իրենց ընտանիքները լքում են իրենց տները եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով, ինչպիսիք են երաշտները Աֆրիկայի հյուսիսարևելյան և Սահելի տարածաշրջաններում, ինչպես նաև ջրհեղեղները Բանգլադեշում, Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում: 2021 թվականին 7.3 միլիոն երեխայի նոր տեղահանումներ են գրանցվել բնական աղետների պատճառով:

Աշխարհում փախստական բնակչությունը ավելի քան կրկնապատկվել է վերջին տասնամյակի ընթացքում. երեխաները այդ ցուցանիշի գրեթե կեսն են կազմում: Տեղահանված երեխաների մեկ երրորդը ապրում է Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (3.9 միլիոն կամ 36 տոկոս), մեկ քառորդը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (2.6 միլիոն կամ 25 տոկոս) և 13 տոկոսը (14 միլիոն) Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Քանի որ տեղահանված և փախստական երեխաների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի, կենսական նշանակության աջակցության և ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, պաշտպանությունը, չի բավարարում: Փախստական երեխաների միայն կեսն է տարրական դպրոց հաճախում, մինչդեռ փախստական դեռահասների քառորդից էլ պակասն է միջնակարգ դպրոց հաճախում:

Արմատախիլ արված երեխաների, լինեն նրանք փախստական, ապաստարան փնտրող, թե ներքին տեղահանված, բարեկեցությունը և անվտանգությունը կարող են լուրջ վտանգվել: Սա հատկապես ճշմարիտ է հարյուր հազարավող առանց ուղեկցության և ծնողներից առանձնացված երեխաների դեպքում, որոնք թրաֆիքինգի, շահագործման, բռնության և չարաշահման ենթարկվելու բարձր ռիսկի տակ են: Աշխարհում թրաֆիքինգի զոհերի մոտավորապես 28 տոկոսը երեխաներ են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին հավատարիմ մնալ արմատախիլ արված բոլոր երեխաների իրավունքներին առնչվող իրենց պարտավորություններին, այդ թվում՝ Փախստականների մասին գլոբալ համաձայնագրի (GCR) և Միգրացիայի հարցերով գլոբալ դաշնագրի (GCM) ներքո ստանձնած պարտավորություններին և շարունակել ներդրումներ կատարել հօգուտ տվյալների և հետազոտությունների, որոնք արտացոլում են փախստականների, միգրանտների և տեղահանված երեխաների խնդիրների ծավալի վերաբերյալ իրականությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին ձեռնարկել վեց գործողություն՝ բոլոր փախստականների, միգրանտների և տեղահանված երեխաների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման համար.

Հավասար աջակցություն ցուցաբերել բոլոր երեխաներին, անկախ ծննդավայրից

Փախստական, միգրանտ և տեղահանված երեխաներին առաջին հերթին ճանաչել որպես երեխաներ՝ պաշտպանության, զարգացման և մասնակցության համապատասխան իրավունքներով

Ընդլայնել կոլեկտիվ գործողությունները՝ ապահովելու հիմնական ծառայությունների արդյունավետ հասանելիություն՝ ներառյալ առողջապահություն և կրթություն, արմատախիլ արված բոլոր երեխաների և ընտանիքների համար՝ անկախ կարգավիճակից

Խտրականությունից և այլատյացությունից պաշտպանել փախստականներին, միգրանտներին և տեղահանված երեխաներին

Վերջ տալ սահմանների կառավարման վնասակար գործելաոճին և երեխաների ներգաղթի հիմքով կալանքին, ինչպես նաև՝

Հնարավորություն ընձեռել փախստականներին, միգրանտներին և տեղահանված երիտասարդներին՝ բացահայտելու իրենց տաղանդը և իրացնել իրենց ողջ ներուժը:


verelq.am