Թուրքիայի կառավարությունը կշարունակի հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ. Յըլդըրըմ
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ երկրի ազգային մեծ ժողովում ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը, որում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարին։
Ինչպես տեղեկացնում է Turkrus.com կայքը, Յըլդըրըմը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա քննարկումների միջոցով։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համար երկխոսության ճանապարհները բաց ենք թողելու, հարաբերությունները կարգավորելու ենք քննարկումների միջոցով՝ ելնելով ընդհանուր շահերից»,-ասել է նա։
Երկրի նորանշանակ վարչապետը խոսել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին՝ նշելով, որ այն շարունակում է «ռազմավարական թիրախ մնալ Թուրքիայի համար»։
«Սակայն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները չենք դիտարկում որպես այլ երկրների հետ հարաբերությունների այլընտրանք։ Թուրքիան շարունակելու է կատարել պարտավորությունները ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար։ Դրան ի պատասխան ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ երկակի չափանիշների կիրառումը ճիշտ չենք համարում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են նախորդ տարվա նոյեմբերից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24-ը։
tert.am
25/5/2016