Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է նպատակը
https://parstoday.ir/hy/news/world-i195786-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_կայցելի_Հայաստան_և_Ադրբեջան._հայտնի_է_նպատակը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է այսօր` Սենատում ելույթի ժամանակ։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 22, 2023 16:51 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է նպատակը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է այսօր` Սենատում ելույթի ժամանակ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև խոսել է այցելության նպատակի մասին։ Նրա խոսքով` Հայաստանում և Ադրբեջանում քննարկվելու է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը։

«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը։ Այն սրում է լարվածությունը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան, որպեսզի տեղ հասցնեմ այդ միտքը», - հայտարարել է ԱԳ նախարար Կոլոննան։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am