ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i246932-ՀՀ_պատվիրակությունը_մասնակցել_է_ՅՈՒՆԵՍԿՕ_ի_Գլխավոր_ասամբլեայի_նստաշրջանին
Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։
(last modified 2026-06-22T15:00:51+00:00 )
Հունիս 22, 2026 18:18 Asia/Tehran
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը ելույթում նշել է, որ  ՀՀ  ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առանձնահատուկ կարևորում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և կենսունակ մշակութային քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, իրականացնելով բաց և թափանցիկ մշակութային քաղաքականություն, ամեն տարի դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրում մշակութային հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղված են համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և հանրահռչակմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ևս ընդգծել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։

Նա կարևորել է համայնքների կարիքների ընկալումն ու դրանց մշակութային ժառանգության պահպանությունը։  Նստաշրջանի ընթացքում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի ճանաչում ոլորտում ունեցած մասնագիտական փորձառության։Այն Հայաստանի երկրորդ հասարակական կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր միջազգային ճանաչման․ 2020 թ․ հավատարմագրվել էր «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» Հ/Կ-ն։