«Birgün». Ինչո՞ւ Թուրքիան չի կարող տնտեսական պատժամիջոցներով պատասխանել Գերմանիային
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: «Ermenihaber.am»-ի հաղորդմամբ՝ Թուրքական «Birgün» թերթի տնտեսական թեմաների խմբագիր Սեմիհ Գյուվենն անդրադարձել է այն խնդրին, թե ինչու Թուրքիան չի կարող տնտեսական պատժամիջոցներով պատասխանել Գերմանիայի այս քայլին:
- Թուրքիայում արտահանման նպատակով արտադրված յուրաքանչուր 10 ապրանքից 1-ը նախատեսված է Գերմանիայի համար: 2015թ. Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարած երկիրը Գերմանիան է (13 մլրդ 426 մլն 432.000 ընդհանուր արժողությամբ): 2016թ. ապրիլի դրությամբ այս ցուցանիշը 5.2 տոկոսով աճել էր:
- 2016թ. առաջին 4 ամիսների ընթացքում Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ նվազել է 10 տոկոսով: Մինչդեռ Թուրքիայից Եվրամիություն (ԵՄ) արտահանման ծավալն աճել է 6.5 տոկոսով՝ կազմելով 22 մլրդ 402 մլն 504.000 դոլար: Այսպիսով, Թուրքիայում արտադրվող յուրաքանչյուր արտադրանքի 48 տոկոսը արտահանվում է ԵՄ երկրներ:
- Գերմանիայի դաշնային վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիան Գերմանիայից ապրանք արտահանողների ցանկում 14-րդ տեղում է:
- Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկ ուղարկող երկիրը կրկին Գերմանիան է: 2015թ. Գերմանիայից Թուրքիա է մեկնել 5 մլն 580.792 զբոսաշրջիկ: 2016թ. այս պատկերն առանձնապես չի փոխվել: Միայն 2016թ. ապրիլին Գերմանիայից Թուրքիա է այցելել 246.226 զբոսաշրջիկ, ինչը կազմում է այս ամսվա ընթացքում երկիր մուտք գործած տուրիստների ընդահանուր թվի 14.5 տոկոսը:
- Թուրքիայի և Գերմանիայի միջև շարունակվում է համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում: Հունիսի 3-ին Թուրքիայի ԶՈՒ հզորացման հիմնադրամի «Roketsan» ընկերության և գերմանական «MBDA Deutschland» ընկերության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Պայմանագիրը վերաբերում է լազերային կառավարման 70մմ-ոց Cirit հրթիռների՝ Tiger UHT ուղղաթիռներին ինտեգրացմանն ուղղված աշխատանքներին:
pastinfo.am
5/6/2016