Բայդեն.Չինաստանի տեխնոլոգիական ընկերություններում ԱՄՆ-ի ներդրումները կսահմանափակվեն
ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Չինաստանի զգայուն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններում ԱՄՆ-ի յուրահատուկ ներդրումները կսահմանափակվեն:
Չինաստանի զգայուն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների համար սահմանափակություններ ու խոչընդոտներ ստեղծելու Վաշինգտոնի նոր քայլը ցույց է տալիս,որ Բայդենի վարչակազմը վճռական է տրամադրված տարբեր ոլորտներում Չինաստանի աճող և զարգացող հզորությանը դիմակայելու հարցում:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախագահի հրամանագիրը այդ երկրի ֆինանսների նախարարին թույլ է տալիս ԱՄՆ-ի որոշ ներդրումներ սահմանափակել՝ չինական ընկերությունների երեք ոլորտներում՝ այդ թվում՝ կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեխնոլոգիաների և արհեստական բանականության մշակման ոլորտում:
Կոնգրեսին ուղղված նամակում, Ջո Բայդենը ասել է, որ ազգային արտակարգ դրություն կհայտարարի զգայուն տեխնոլոգիաների և բանակի, հետախուզության, վերահսկողության կամ կիբեր հնարավորությունների համար կենսական նշանակություն ունեցող արտադրանքի ոլորտում Չինաստանի նման երկրների առաջընթացի սպառնալիքներին դիմակայելու համար:
Առաջարկը թիրախավորում է չինական ընկերություններում՝ չիպերի նախագծման և դրանց արտադրության գործիքների մշակման ոլորտում ներդրումները:
Այս ոլորտում առաջատար երկրներ են համարվում ԱՄՆ-ն, Ճապոնիան և Նիդեռլանդները, իսկ Չինաստանի կառավարությունը փորձում է բարելավել իր ներքին կարողությունները և ձեռք բերել տեխնոլոգիական գիտելիքներ և այս ոլորտում այս երեք երկրների արտադրանքն օգտագործելու փոխարեն տեղական արտադրանքն օգտագործել: