Բայդեն.Չինաստանի տեխնոլոգիական ընկերություններում ԱՄՆ-ի ներդրումները կսահմանափակվեն
https://parstoday.ir/hy/news/world-i204356-Բայդեն.Չինաստանի_տեխնոլոգիական_ընկերություններում_ԱՄՆ_ի_ներդրումները_կսահմանափակվեն
ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Չինաստանի զգայուն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններում ԱՄՆ-ի յուրահատուկ ներդրումները կսահմանափակվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2023 14:05 Asia/Tehran
  • Բայդեն.Չինաստանի տեխնոլոգիական ընկերություններում ԱՄՆ-ի ներդրումները կսահմանափակվեն

ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Չինաստանի զգայուն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններում ԱՄՆ-ի յուրահատուկ ներդրումները կսահմանափակվեն:

Չինաստանի զգայուն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների համար սահմանափակություններ ու խոչընդոտներ ստեղծելու Վաշինգտոնի նոր քայլը ցույց է տալիս,որ Բայդենի վարչակազմը վճռական է տրամադրված տարբեր ոլորտներում Չինաստանի աճող և զարգացող հզորությանը  դիմակայելու հարցում: 

Ինչպես հաղորդում  է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախագահի հրամանագիրը այդ երկրի ֆինանսների նախարարին թույլ է տալիս ԱՄՆ-ի որոշ ներդրումներ սահմանափակել՝ չինական ընկերությունների երեք ոլորտներում՝ այդ թվում՝ կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեխնոլոգիաների և արհեստական բանականության մշակման ոլորտում:

Կոնգրեսին ուղղված նամակում,  Ջո Բայդենը ասել է, որ ազգային արտակարգ դրություն  կհայտարարի զգայուն տեխնոլոգիաների և բանակի, հետախուզության, վերահսկողության կամ կիբեր հնարավորությունների համար  կենսական նշանակություն ունեցող արտադրանքի ոլորտում Չինաստանի նման երկրների առաջընթացի սպառնալիքներին դիմակայելու համար:

Առաջարկը  թիրախավորում է չինական ընկերություններում՝ չիպերի նախագծման և դրանց արտադրության գործիքների մշակման ոլորտում ներդրումները:

Այս ոլորտում առաջատար երկրներ են համարվում ԱՄՆ-ն, Ճապոնիան և Նիդեռլանդները, իսկ Չինաստանի կառավարությունը փորձում է բարելավել իր ներքին կարողությունները և ձեռք բերել տեխնոլոգիական գիտելիքներ և այս ոլորտում այս երեք երկրների արտադրանքն օգտագործելու փոխարեն տեղական  արտադրանքն օգտագործել: