ԱՄՆ-ում ինքնասպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել
ԱՄՆ կառավարության վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականին երկրում գրանցվել է ինքնասպանությունների ռեկորդային թիվ՝ 49,449 դեպքի: Ըստ այս տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 2,6%-ով։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ինքնասպանությունների կեսից ավելին իրականացվել է հրազենի գործադրմամբ։
2022 թվականին ամերիկացիների շրջանում ինքնասպանության մակարդակը կազմել է մոտ 14,9 մահ հարյուր հազար մարդու հաշվով, ինչը մոտ հինգ տոկոսով բարձր է 2018 թվականի վիճակագրությունից։
Associated Press-ի հաղորդմամբ՝ փորձագետները զգուշացնում են, որ ինքնասպանությունների թվի աճը պայմանավորված է տարբեր խնդիրներով, այդ թվում՝ դեպրեսիայի բարձր մակարդակով և հոգեկան առողջության ծառայությունների սահմանափակ հասանելիությամբ:
Ինքնասպանությունների կանխարգելման ամերիկյան հիմնադրամի հետազոտության փոխնախագահ Ջիլ Հարկավի-Ֆրիդմանը նշում է, որ երկրում ինքնասպանությունների աճի ամենակարևոր գործոնը զենքին հասանելիության աճն է։