Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ պատճառաբանելով վերջինիս հայամետ դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/world-i204992-Ալիևը_չի_ընդունի_Բելգիայի_արտաքին_գործերի_նախարարին_պատճառաբանելով_վերջինիս_հայամետ_դիրքորոշումները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 09:05 Asia/Tehran
  • Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ պատճառաբանելով վերջինիս հայամետ դիրքորոշումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու։

Ինչպես գրում է  ադրբեջանական APA գործակալությունը, պատճառը Հայաստանում Բելգիայի արտաքին գործերի նախարարի արած հայտարարություններն են։

Լրատվամիջոցը նշում է, որ ավանդաբար Իլհամ Ալիևն ընդունում է Ադրբեջան այցելած այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, սակայն այս անգամ նա չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «նրա պրոհայկական դիրքորոշման և Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունների պատճառով»։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը օգոստոսի 24-ին կայցելի Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության  ապահովումը։

armenpress.am