Թուրքիայի բանակի շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
Թուրքիայի բանակի շտաբի պետը երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։
Թուրքական TRT կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ադրբեջանական բանակին աջակցելու համար՝ ասելով.-«Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բարձրացել են երկու դաշնակից երկրների հարաբերությունների մակարդակի, և այդ շրջանակներում ամրապնդվել է նաև ռազմական համագործակցությունը»։
Թուրքական բանակի շտաբի պետ գեներալ Մեթին Գյուրաքն այս հանդիպմանը ևս ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը գնալով ավելի է զարգանալու։
Նա հավելել է, որ այդ համագործակցությունները կամրապնդեն երկու երկրների միասնությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ։
«Մենք վստահ ենք, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հետագայում էլ ավելի կամրապնդվեն»,ասել է Գյուրաքը։
Թուրքական բանակի շտաբի պետը երեկ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի բանակի շտաբի պետ, գեներալ Քարիմ Վալիյովի հետ և մտքեր է փոխանակել համատեղ վարժանքների անցկացման և երկկողմ ռազմական համագործակցության զարգացման շուրջ։