Լավրովն ու Ֆիդանը Մոսկվայում կքննարկեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i205284-Լավրովն_ու_Ֆիդանը_Մոսկվայում_կքննարկեն_Հարավային_Կովկասում_ստեղծված_իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2023 14:41 Asia/Tehran
  • Լավրովն ու Ֆիդանը Մոսկվայում կքննարկեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում:

Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպելու համար... Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կմշակեն բարձր և բարձրագույնմակարդակով երկկողմ շփումների ժամանակացույցը», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում և կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին Սոչիում: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:

armeniasputnik.am