Մոսկվան դիվանագիտական խողովակներով դեմարշ է հայտարարել Բաքվին
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր տարածաշրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունների պատճառով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների բնույթին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունները չունեն իրավական ուժ։
«Նման գնահատականները մեր կողմից չեն կարող ընդունվել, դրանք անընդունելի գնահատականներ են և չեն համապատասխանում մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին: Ուստի ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով դեմարշ է հայտարարվել։ Մենք ամեն ինչ արտահայտել ենք այս կապակցությամբ»,- ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ճեպազրույցում:
«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի այն նույն հարգանքով, ինչը մեր գործընկերներն ակնկալում են մեր կողմից, երբ խոսք է գնում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին։ Կարծում եմ` նոր տարածաշրջանների պատմությունը մեր ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն», - հավելել է դիվանագետը։
Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել էր քվեարկության միասնական օր։ Առաջին անգամ քվեարկությանը մասնակցում էին նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, որտեղ ընտրում էին նահանգապետների և խորհրդարանների պատգամավորների։
armenpress.am