Հոկտեմբեր 19, 2023 13:23 Asia/Tehran
  • Պատերազմը Մերձավոր Արեւելքում հանգեցրել է զենքի միջազգային վաճառքի աճի. New York Times

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունը խթանել է զենքի միջազգային վաճառքը, գրել է NYT-ը։

Վաճառքի աճը Բայդենի վարչակազմին նոր հնարավորություններ կտա ավելի սերտ կապելու այլ երկրների զինված ուժերը Միացյալ Նահանգների հետ։

Մինչեւ ՀԱՄԱՍ-ի գրոհին Իսրայելի արձագանքը՝ կործանիչների,  հրթիռների, տանկերի, հրետանու, զինամթերքների եւ այլ զինատեսակների գնումների գլոբալ աճ էր տեղի ունեցել։ Դա պայմանավորված է մարտական գործողություններում տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպերով, որոնք ստիպում են անգամ լավ զինված ուժերին գնել նոր տեխնիկա՝ մրցունակ մնալու համար։

Սպասվում են միլիարդավոր դոլարների նոր պատվերներ ասիական դաշնակիցների կողմից՝ կապված Չինաստանի աճող սպառնալիքի հետ։

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ անցած տարի համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 2,2 տրլն դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է սառը պատերազմի ավարտից հետո։

Գլխավոր դրայվերներից մեկը սպառազինությունների նոր համակարգերի գնումների ավելացումն է։

Առանց ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Ռուսաստանում վաճառքի հաշվառման՝ համաշխարհային ռազմական ծախսերը  հաջորդ տարի կհասնեն 241 մլրդ դոլարի, ինչը 23 տոկոսով ավելին է, քան անցած տարի։

Դա երկու տարում Janes տվյալների շտեմարանի ամենամեծ ավելացումն է, այն հետեւում է ռազմական ծախսերին մոտ երկու տասնամյակ։

Միացյալ Նահանգներն, ըստ այդ տվյալների, վերահսկել է զենքի համաշխարհային արտահանման 45 տոկոսը, հինգ անգամ ավելի, քան ցանկացած այլ երկիր, եւ դա ամենաբարձր մակարդակն է Խորհրդային Միության փլուզումից հետո։

Սուր պահանջարկը ստիպել է այնպիսի երկրների, ինչպիսին են Թուրքիան եւ Հարավային Կորեան, ավելացնել զենքի արտահանումը։

Որոշ խոշոր գնորդներ, ինչպիսին է Լեհաստանը, սպառազինվում են ավելի ուժեղ, որպեսզի դիմակայեն կոնկրետ սպառնալիքների։ Մյուսները, օրինակ՝ Ինդոնեզիան, որը մի ժամանակ Ռուսաստանի հաճախորդն էր, իսկ հիմա ավելի շատ զենք է գնում Արեւմուտքից, ձգտում են հետ չմնալ։ Իսկ Մերձավոր Արեւելքի երկրները՝ Իսրայելից մինչեւ Սաուդյան Աաբիա, շարունակում են մնալ ամերիկյան զենքի խոշոր գնորդներ՝ պատվիրելով զենքեր նոր պատերազմի հետ կապված։

Զենքի գնումների աճը մտահոգում է, քանի որ հակամարտությունները կարող են ավելի հավանական դառնալ եւ ավելի մահասփյուռ։

«Մենք ապրում ենք շատ փուխր աշխարհում»,- ասել է սպառազինությունների վերահսկման ոչ առեւտրային ասոցիացիայի վարչության անդամ Մայքլ Քլերը։ Նա նշել է Պակիստանի եւ Հնդկաստանի կամ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը։ «Կա ռիսկ, որ այդ վաճառքը կսրի տարածաշրջանային հակամարտությունները,- ասել է նա,- եւ կսադրի նոր պատերազմ մեծ տերությունների միջեւ»։

Ռազմական զինանոցների արդիականացման ձգտումը հանգեցրել է ամենանշանակալի դիվանագիտական քայլերից մեկին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խոսքը ԱՄՆ կառավարության կողմից ռազմական դաշինքներն ընդլայնելու մասին է։

Միացյալ Նահանգները սկսում է նվաճել նոր հաճախորդներ, ինչպիսին են Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, նրանց խլելով Ռուսաստանից կամ Չինաստանից։

«Միջոցներից մեկը, որով մենք կարող ենք հասնել Ռուսաստանի տապալմանը, ռուսական պաշտպանական արդյունաբերությունը նրա գործընկերներից կտրելն է»,-ասել է  ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Միրա Կ. Ռեզնիկը։

news.am

 

Պիտակ