Մայիս 07, 2024 11:56 Asia/Tehran
  • Ռաբինդրանաթ Թագորը և Իրանը. Իրանա-հնդկական գեղեցիկ զգացողության մի պատկեր
    Ռաբինդրանաթ Թագորը և Իրանը. Իրանա-հնդկական գեղեցիկ զգացողության մի պատկեր

Pars Today- Թագորը Հնդկաստանի անկախության շարժման կողմնակիցն էր և ոգեշնչնչվում էր ասիական այլ երկրներից: Նա նկատել էր իրանցիների հակագաղութատիրական հայացքը, և դա, իր ընտանեկան հետաքրքրության հետ մեկտեղ, գեղեցիկ իրադարձությունների առիթ դարձավ Իրանի և Հնդկաստանի հարաբերություններում։

Որպես գրող և փիլիսոփա Ռաբինդրանաթ Թագորը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Հնդկաստանի, այլև ողջ աշխարհում: Շատ է գրվել Արեւմուտքի հետ Թագորի շփման եւ նրա վրա ունեցած ազդեցության մասին։
Բայց նրա կյանքի մի ասպեկտը, որը լավ հայտնի չէ, նրա կապն է Իրանի հետ, մի երկիր, որի մշակութային կապերը Հնդկաստանի հետ ավելի քան 2500 տարվա վաղեմություն ունեն:
Այստեղ կներկայացնենք այդ հարաբերությունների մի մասը։

Ռաբինդրանաթ Թագոր

Ռաբինդրանաթ Թագորը մեծ ազդեցություն է ունեցել իրանական մշակույթի վրա: Նրա փիլիսոփա հայրը՝ Դեբենդրանաթ Թագորը վարժ տիրապետում էր պարսկերենին և խոր սեր ուներ Իրանի հանդեպ։ Իր ամենօրյա աղոթքներում, Ուպանիշադներից ընթերցումներին զուգահեռ, նա արտասանում էր պարսիկ բանաստեղծ Հաֆեզի գազելները։ Ռաբինդրանաթը իրանցի բանաստեղծի հետ ծանոթացել էր պատանեկության տարիներին։

Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի դամբարանը Շիրազում, Իրան (20-րդ դարի սկիզբ)

Թագորը մեծ հարգանք էր տածում նաև պարսիկների հնագույն կրոնի՝ զրադաշտականության նկատմամբ։ Նա գովաբանել է Զրադաշտին որպես «մեծագույն ռահվիրա մարգարե»։
Նա մատնանշեց զրադաշտական ​​և հինդու կրոնական էթիկայի նմանությունները ծեսերի, պաշտամունքի և զոհաբերության մեջ:
Զրադաշտական ​​կրոնը դեռ գոյություն ունի Իրանում, և Իրանի զրադաշտականները Իրանի Իսլամական խորհրդարանում իրենց պատգամավորի միջոցով դերակատար են Իրանի կառավարման մեջ՝ անկախ սոցիալական, տնտեսական հարցերից և այլն:

Հ.Կ.Շերվանիի «Հնդկակաստանի արտաքին հարաբերությունների ուսումնասիրություններ» (1975թ.) գրքում դոկտոր «Ռաբինդրանաթ Թագորը և Իրանը» վերնագրված գլխում դոկտոր «Մուհամմեդ Թաղի Մողթադարին» հետաքրքիր կետի է անդրադարձել․ 
Նա նշում է, որ Թագորի մեծ ընտանիքից Ռաբինդրանաթի հեռավոր ազգականներից մեկը՝ Սումար Կումար Թագորը, Մուզաֆարուդին Շահ Ղաջարի օրոք եղել է Կալկաթայում Իրանի պատվավոր հյուպատոսը։ Սա վկայում է Իրանի հետ Թագորի ընտանիքի մտերմության մասին։

Քանի որ Թագորը Արևելքից առաջին մարդն էր, ով արժանացավ գրականության Նոբելյան մրցանակին, իրանական էլիտաները տեղեկացան նրա մասին: Գնդապետ Մոհամմադ Թաղի Խան Պեսյանը Իրանի հայտնի քաղաքական բարեփոխիչներից և սպաներից էր։ Նա Թագորի պոեզիան պարսկերենի է թարգմանել 1918-1920 թվականներին, երբ ապրում էր Բեռլինում։

Իրանցի գրողների հանդիպումը Թագորի հետ

1931 թվականին իրանական թերթերը սկսեցին հոդվածներ տպագրել Թագորի մասին և այդպիսով տեղեկությունները շատացան այս մեծանուն և սիրված հնդիկի մասին։

Թագորը Հնդկաստանի անկախության շարժման կողմնակիցն էր և ոգեշնչնչվում էր ասիական այլ երկրներից:
Նա նկատել էր իրանցիների հակագաղութատիրական հայացքը։ Թագորի առաջին ուղևորությունը Իրան կատարվեց 1932 թվականի ապրիլին։
Բուշեհրում մնալուց հետո Թագորը մեկնեց Շիրազ, որտեղ այցելեց պարսիկ մեծ բանաստեղծներ Սաադիի և Հաֆեզի դամբարաններ։ Նա այցելել է նաև Պերսեպոլիսի հնագիտական համալիրում։
Նա նաև մեկնել է Սպահան և Թեհրան։

Ռաբինդրանաթ Թագորի հանդիպումը Իրանի խորհրդարանի անդամների հետ (1932 թ.)

Յուրաքանչյուր կանգառում նա հանդիպում էր մտավորականների, կրոնական առաջնորդների, քաղաքական գործիչների և հասարակ մարդկանց։ Թագորը տեղի պաշտոնյաների հետ իր զրույցներում մշտապես ընդգծում էր Հնդկաստանի և Իրանի միջև մշակութային և պատմական կապերը։

Թագորը Թեհրան է ժամանել իր 70-ամյակի օրը։ Իրանցի նշանավոր բանաստեղծ Մալեք ալ-Շոարա Բահարը (դեկտեմբերի 10, 1886 – ապրիլի 22, 1951), կարդաց մի երկար բանաստեղծություն, որը գրել և նվիրել էր Թագորին՝ նրան Թեհրանում ողջունելու համար։

Իրանցի մի խումբ գրողների հանդիպումը Թագորի հետ

Այս բանաստեղծը ծանոթացավ նաև այն ժամանակվա մեծանուն իրանցի մտավորականներ՝ Ալի Դաշտիի, Ռաշիդ Յասեմիի, Աբբաս Իքբալի, Սաիդ Նաֆիսիի և Նասրուլլա Ֆալասֆիի հետ:

Թագորը նաև ելույթ է ունեցել Մասուդիա պալատի դահլիճում և Իրանի գրական ասոցիացիայում։
Թագորը երկրորդ անգամ Իրան այցելեց միայն երկու տարի անց։ Այս անգամ իրանցի բանաստեղծ Ֆիրդուսիի 1000-ամյակն էր, երբ բացվեց Ֆերդուսիի դամբարանը։
Այս իրադարձությունը ստվերեց նրա Իրան կատարած այցը և գրեթե չնկատվեց լրատվամիջոցների կողմից։

Իրան կատարած այցի ժամանակ Թագորը խնդրել է պրոֆեսոր գործուղել Հնդկաստանում պարսկական գրականություն դասավանդելու համար։
Իրանագետ Էբրահիմ Փուրդավուդը գործուղվել է Հնդկաստան, որտեղ սովորել և դասավանդել է հին իրանական գրականություն։

Նա նաև թարգմանեց Թագորի բանաստեղծություններից շատերը բենգալերենից պարսկերեն՝ տեղացի ուսուցիչ Զիաուդդինի օգնությամբ և ժողովածուն հրատարակեց Կալկաթայում 1935 թվականին։
Թագորը մեծ արարողություն է կազմակերպել՝ նշելու իրանական Նովրուզը։ Դրանում նա իր հիացմունքն է արտահայտել իրանական մշակույթի և քաղաքակրթության, իրանցի ժողովրդի և նրանց հյուրընկալության հանդեպ։
Նա ընդգծել է երկու երկրների և երկու քաղաքակրթությունների հոգևոր կապերը։

Երկու երկրների նորաստեղծ գրական հարաբերությունները, որոնք անշուշտ մի քանի հազար տարվա նախապատմություն ունեին, ամուր մնացին։
1947 թվականին Հնդկաստանի անկախացումից հետո Իրանը շարունակեց իր բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ և հարաբերություններ հաստատեց նաև նոր հարևան Պակիստանի հետ, որը ստեղծվել էր թերակղզու բաժանման արդյունքում։
Հնդկաստանը Իրանի հետ իր լավ հարաբերությունները շարունակեց նաև 1979 թվականի հեղափոխությունից հետո, երբ տապալվեց Փահլավի դինաստիան և Իրանը դարձավ հանրապետություն։

2011 թվականին, երբ Լոք Սաբհայի (Հնդկաստանի Համայնքների պալատ) նախկին խոսնակ Միրա Կումարն այցելեց Իրան, կայացավ Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծության պարսկերեն տարբերակի շնորհանդեսը։


Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծության պարսկերեն տարբերակի շնորհանդեսը՝ ներկայությամբ տիկին «Միրա Կումար»-ի և Իրանի խորհրդարանի այն ժամանակվա նախագահ «Ալի Լարիջանի»-ի

Աղբյուրներ՝

Cogwekar, Pranav. 2022. Rabindranath Tagore and Iran: Forging Ties Through a Shared Identity .Peepultree