ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը և Ռուսաստանի արատավոր տրամաբանությունը
Կովկասի հարցերով իրանցի հետազոտող, վերլուծաբան, դոկտոր Ահմադ Քազեմին գտնում է, որ Ադրբեջանը, միջանցքի իրականացումից հուսահատված, ռազմական սպառնալիքներով, լոբբիներով ու ինտերնետային տրոլներով փորձում է այնպես ներկայացնել իրողությունը, որ Մոսկվան համաձայն է այդ միջանցքի հետ:
Դոկտոր Քազեմին «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը և Ռուսաստանի արատավոր տրամաբանությունը» վերնագրով հոդվածում գրել է կեղծ Զանգեզուրի միջանցքի ծրագրի հանդեպ Մոսկվայի վերջին դիրքորոշումների մասին. Լավրովն իր հայտարարություններում միտումնավոր ընդգծել է տարածաշրջանային հաղորդակցության գծերի վերաբացումը, այլ ոչ թե միջանցքը, ինչը շեշտում են Բաքուն և Անկարան։ Տարածաշրջանային հաղորդակցության գծերի վերաբացումը մի խնդիր է, որը և՛ Իրանը, և՛ Հայաստանը շեշտում են՝ ներկայացնելով Արաքսի միջանցքը և Խաղաղության խաչմերուկը, և նրանք գտնում են, որ այդ վերաբացումը պետք է իրականացվի՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ առանց միջազգային սահմանների փոփոխության։ Այդուհանդերձ Ադրբեջանը, միջանցքի իրականացումից հուսահատված, ռազմական սպառնալիքներով, լոբբիներով ու ինտերնետային տրոլներով փորձում է Ռուսաստանի այս դիրքորոշումը ներկայացնել որպես կեղծ Զանգեզուրի միջանցքի հետ Մոսկվայի համաձայնություն՝ մեծացնելով հոգեբանական ճնշումը Հայաստանի ու Իրանի դեմ, որը գտնվում է իր 14-րդ կառավարության գործունեության մեկնարկի փուլում։
Դոկտոր Ահմադ Քազեմին հավելել է, որ Արաքսի միջանցքը ոչ միայն կբացի հաղորդակցության գծերը Կովկասի երկու կողմերում, այլև կվերացնի աշխարհաքաղաքական ինտրիգների և պատմական ու էթնիկական ցանկությունների հետապնդման Բաքվի և Անկարայի պատրվակը, որոնք հանդես են գալիս որպես անգլո-սաքսոնական կարգի կապալառուներ: Ուստի Ռուսաստանի շահերը ակնհայտորեն Արաքսի միջանցքի աջակցության մեջ են։
Կովկասի հարցերով այս վերլուծաբանի կարծիքով, Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար ՆԱՏՕ-ն ձգտում է Կովկասում Մոսկվայի դեմ հակամարտության նոր օջախ ստեղծել՝ Վրաստանի և Ադրբեջանի գործողությունների առանցքայնությամբ։
Դոկտոր Քազեմին ընդգծել է, որ Իրանը դեմ է Կովկասում աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխության, և այս մասին խոսուն է Իրանի Գերագույն առաջնորդի հայտարարությունները 2022 թվականի հուլիսին Պուտինի և Էրդողանի հետ հանդիպումներում, ինչպես նաև 2024 թվականի մայիսի 22-ին Փաշինյանի հետ հանդիպմանը: Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կհանգեցնի սահմանների փոփոխության։