Կրեմլը համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականների հետ. Պեսկով
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է «անդառնալի կետին»։ Նրա խոսքով` «կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար»։
«Մենք կտրականապես համաձայն չենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ–ից որևէ սպառնալիք չի կարող և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Հակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Սակայն մենք այդ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ ՌԴ–ն շարունակում է և շարունակելու է շփումը Հայաստանի հետ։
Sputnik.