Արևմուտքը փորձում է հեղաշրջում անել Վրաստանում. Նարիշկինը` «ուկրաինական սցենարի» մասին
(last modified Tue, 26 Nov 2024 14:44:14 GMT )
Նոյեմբեր 26, 2024 18:14 Asia/Tehran
  • Արևմուտքը փորձում է հեղաշրջում անել Վրաստանում. Նարիշկինը` «ուկրաինական սցենարի» մասին

Թբիլիսին բախվում է գունավոր հեղափոխության հերթական փորձի, այսինքն՝ պետական հեղաշրջման։

Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։

«Արևմուտքը երբեք հեշտությամբ բաց չի թողնում իր զոհին։ Թբիլիսին այսօր բախվում է հերթական գունավոր հեղափոխության, այսինքն՝ հեղաշրջման փորձի։ Հուսանք` կձախողվի, ինչպես նախկինում տապալվեցին Բելառուսը և Ղազախստանը խարխլելու արևմուտքի լկտի փորձերը»,- ասել է նա:

Նարիշկինը նշել է, որ Վրաստանը, եվրաինտեգրման խոստումների դիմաց կրճատելով կապերը հետխորհրդային տարածքի հետ, իրեն մեծապես զրկեց ռազմավարական խորությունից, սակայն երկրի իշխանությունները ժամանակին գիտակցեցին այդ քաղաքականության կործանարար լինելը։

Նրա խոսքով` Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում տարբերակներ են մշակում այսպես կոչված «ուկրաինական սցենարը» ԱՊՀ որոշ երկրների նկատմամբ կիրառելու համար: Փորձում են ազգային ինքնության ամրապնդման պատրվակով նեղ տեղային ազգայնականություն հրահրել և Արևմուտքի հետ ինտեգրման մղել։ Տեղեկություններ կան, որ ամերիկյան և եվրոպական հետախուզական ծառայությունները կայուն կապեր ունեն ԱՊՀ-ի ազգայնական կուսակցությունների և շարժումների հետ։

Նարիշկինը նշել է, որ արտասահմանյան հիմնադրամների աջակցությամբ Եվրասիայում գործում է արևմտամետ և միևնույն ժամանակ հակառուսական և հակաչինական օրակարգը առաջ մղող տեղեկատվական և վերլուծական հարթակների ու ռեսուրսների մի ամբողջ ցանց։

Նարիշկինի խոսքով՝ անվտանգության եվրասիական կառուցվածքը պետք է փոխարինի սնանկացած եվրատլանտյանին, որի դիսֆունկցիան ի վերջո ուկրաինական, ինչպես նաև մի շարք այլ ճգնաժամեր առաջացրեց։

«Անգլոսաքսոնները սիրում են պառակտել, որպեսզի իշխեն։ Մենք պետք է է՛լ ավելի միավորվենք, որպեսզի ապրենք խաղաղ և անվտանգ՝ անկախ արևմտյան դեգրադացվող տոտալիտար և լիբերալ ռեժիմների ցանկացած արտաքին արկածախնդրությունից», - հավելել է Նարիշկինը։

arm.sputniknews