Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i226344-Լավրովը_Սիրիայում_տիրող_իրավիճակը_քննարկել_է_Իրանի_և_Թուրքիայի_արտգործնախարարների_հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 04:33 Asia/Tehran
  • Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 30-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովն ու Արաղչին քննարկում են անցկացրել և խիստ մտահոգություն հայտնել Սիրիայի իրավիճակի վտանգավոր սրման վերաբերյալ, որը կապված է Հալեպի և Իդլիբի նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչական հարձակման հետ:

«Վերահաստատվել է վճռական աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարները համաձայնել են իրադրության կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման ուղղությամբ։ Գործընկերները նաև խոսել են «Աստանայի ձևաչափի» շրջանակում իրավիճակը շտապ դիտարկելու անհրաժեշտության մասին:

Լավրովը Սիրիայում իրավիճակի վտանգավոր զարգացման կապակցությամբ լուրջ մտահոգություն է հայտնել նաև թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։

Հաստատվել է նաև Սիրիայում իրադրության կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը, առաջնահերթ «Աստանայի ձևաչափի» ներուժի գործարկմամբ։

Նշենք, որ 2017թ․ հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի ուղղակի մասնակցությամբ նախաձեռնված հանդիպում սիրիական կառավարության և ներսիրիական զինված ընդդիմության 14 խմբավորների ներկայացուցիչների միջև։ Մոսկվան, Թեհրանը, Անկարան վերահաստատեցին իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը և պատրաստակամություն հայտնեցին Սիրիայում հրադադարի խախտումների մշտադիտարկման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական ​​խմբավորումները հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել, սիրիական զորքն անցել է հակահարձակման։

Ըստ ԶԼՄ–ների` թուրքամետ խմբավորումները գրեթե գրավել են Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:

Sputnik.