Պուտինն ու Փեզեշքյանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների առաջնորդները նշել են, որ ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան ուղղված է սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանը։
Պուտինն ու Փեզեշքյանը անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու սահմանադրական կարգը և երկրի տարածքային ամբողջականությունը։
Նրանք ընդգծել են Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը։
Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքյանի` 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
arm.sputniknews