Անդրադարձ՝ Եվրոեռյակի կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ հնչեցված նոր մեղադրանքին
-
Անդրադարձ՝ եվրոեռյակի կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ հնչեցված նոր մեղադրանքին
Pars Today- Եվրոեռյակը ներկայացնող Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ արձագանքելով Իրանում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրության ավելացման մասին զեկույցին, կրկնել են Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ քաղաքական պնդումները։
Եվրոպական եռյակն իր տարածած հայտարարության մեջ,առանց անդրադառնալու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով(ՀԳՀԾ) ստանձնած իր պարտավորությունների չկատարմանը, պնդում է, որ Իրանի քայլերը, ներառյալ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի ավելացումը, առավել քան երբևէ արժեզրկել է ՀԳՀԾ-ն։ Parstoday-ի փոխանցմամբ՝ երեք եվրոպական երկրներ այս հայտարարության մեջ, անդրադառնալով Ժնևյան հանդիպմանը, ընդգծել են երկխոսության և կառուցողական վերաբերմունքի կարևորությունը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ օրը Կառավարիչների խորհրդի անդամներին ուղղված զեկույցում հայտարարեց, որ Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է «IR6» կոչվող առաջադեմ ցենտրիֆուգների գազով լցնելու գործընթացը։
Ավելի վաղ արձագանքելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ոչ կառուցողական որոշմանը, Թեհրանը հայտնել էր Իրանի միջուկային կենտրոններում նոր և առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին:
Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարություն են տարածել, որում ընդգծել են,որ Թեհրանի քայլն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանն ու խաղաղանպատակ միջուկային արդյունաբերության առավել քան երբևէ զարգացմանը և համահունչ է աճող ազգային կարիքներին, ու կատարվում է ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների և սահմանված իրավունքների շրջանակներում։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հեռախոսազրույցում խստորեն քննադատել է Կառավարիչների խորհրդի որոշ անդամների ոչ կառուցողական գործողությունները, որոնք հանգեցրել են գլխավոր տնօրենի Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում երաշխիքների համաձայնագրի շուրջ առկա խնդիրների լուծման ճանապարհին առաջընթաց գրանցելու ջանքերի ձախողմանը, և ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչպես որ չվարանեց վճռականորեն պատասխանել նման քայլերին, նույնպես վճռական է սահմանված տեխնիկական շրջանակներում կառուցողական համագործակցություն ծավալել ՄԱԳԱՏԷ-ի հետ։
Այս հեռախոսազրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նույնպես ընդգծել է գործակալության վճռականությունը՝ Իրանի հետ գործակցելու համար և հայտարարել, որ իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում, մյուս կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացրել և կանցկացնի առկա խնդիրները լուծելու համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով։
Գրոսին Իրանի հետ այս միջազգային կառույցի տեխնիկական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 12-ին այցելել էր Թեհրան և հանդիպում ունեցել Իրանի նախագահի, արտգործնախարարի և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի վերջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, Գրոսին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները որակել է կառուցողական և հույս հայտնել, որ բանակցությունների շարունակությունը կօգնի կարգավորել երաշխիքային խնդիրները։
Եվրոպական եռյակի նոր պնդումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ առաջ են քաշվել այն դեպքում, երբ եվրոպացիները 2018 թվականի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չկատարելով ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները և անգործությամբ հանդես գալով, միտումնավոր անտեսել են իրենց դերը ՀԳՀԾ-ի ձախողման հարցում և միայն կենտրոնացել են Իրանի հակադարձ քայլերի վրա և այն ուռճացնելով փորձում են արդարացնել իրենց ներկայիս պահվածքը, այն է՝ Իրանի դեմ քաղաքական ճնշումների մեծացումը։
Եվրոպացիները, որոնք այժմ պահանջում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի դեմ քայլեր ձեռնարկի, մոռացել են, որ ՀԳՀԾ-ի հետ կապված ներկայիս փակուղին, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացման և հարստացված ուրանի պաշարների ավելացման ոլորտում Իրանի քայլերը, Թեհրանի ուղղակի պատասխանն է՝ Եվրոեռյակի իր խոստումից հրաժարվելուն, ինչպես նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն:
Մինչ այժմ, չնայած Միացյալ Նահանգների՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո տված բազմաթիվ խոստումներին, եվրոպական եռյակը ոչ միայն չկարողացավ չեզոքացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների հետևանքները, այլև «Ջո Բայդենի» նախագահության օրոք դարձավ ԱՄՆ-ի գործընկերը Իրանի դեմ ճնշումներն ուժեղացնելու համար,ինչը ցույց է տալիս,որ եվրոպացիները շարունակում են չկատարել իրենց խոստումը։ Բացի այդ, եվրոպացիները, ովքեր այժմ կանգնած են «Դոնալդ Թրամփի»՝ Սպիտակ տուն վերադառնալու և առավելագույն ճնշման արշավը վերսկսելու հեռանկարի առաջ, այժմ Վաշինգտոնի հետ միասնական ճակատում են՝ Իրանի դեմ ճնշումներն ուժեղացնելու համար։
Այդ կապակցությամբ եվրոեռյակը ԱՄՆ-ի հետ միասին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջերս գումարած նիստում Իրանի դեմ բանաձեւ է ընդունել։ Սակայն հայացք նետելով անցյալին, կտեսնենք,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ենթարկվել Արեւմուտքի քաղաքական ճնշմանը եւ միաժամանակ ընդգծել է երկխոսության անհրաժեշտությունը հարցերը լուծելու համար: