Ռուբեն Վարդանյանի գործն արդեն Բաքվի դատարանում է
https://parstoday.ir/hy/news/world-i227478-Ռուբեն_Վարդանյանի_գործն_արդեն_Բաքվի_դատարանում_է
Ադրբեջանի դատախազությունը Բաքվի դատարան է ուղարկել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2024 14:23 Asia/Tehran
  • Ռուբեն Վարդանյանի գործն արդեն Բաքվի դատարանում է

Ադրբեջանի դատախազությունը Բաքվի դատարան է ուղարկել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Գործը բաղկացած է 16 հոդվածներից, որոնք պարունակում են ամեն ինչ՝ «ագրեսիվ պատերազմի պլանավորումից և վարումից» մինչև «ահաբեկչություն և դրա ֆինանսավորում»:

Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Վարդանյանը մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված միջազգային փաստաբաններից, նրան չեն կարող տեսակցել «անկախ բժիշկները»: Վերջին կես տարվա ընթացքում նա անթիվ նամակներ է ուղարկել, բայց դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել։

Ավելի վաղ Վարդանյան- կրտսերը հաստատել էր, որ իր հորը 45 մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով: Սա ադրբեջաներեն լեզվով 25 հազար էջանոց քրեական գործ է, որը նրան բանավոր թարգմանում է քննիչի և դատախազության կողմից նշանակված թարգմանիչը։ Նրա խոսքով՝ սա հին ռազմավարություն է, որն ուղղված է «մեղադրյալին խեղդելուն»։

Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել է Արցախի պետնախարար: 2023 թ. փետրվարի 23-ին ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Ղարաբաղում մինչև 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիան։ Սեպտեմբերի 27-ին նա ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ ԼՂ այլ քաղաքական և ռազմական գործիչների հետ միասին: Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու համար: 2024 թ. դեկտեմբերին մեղադրանքը լրացվել է, ինչի հետևանքով նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

 

Sputnik.