KCNA. Հյուսիսային Կորեան կսկսի իրագործել իր պատմության մեջ ամենակոշտ հակաամերիկյան ռազմավարությունը
Հյուսիսային Կորեան ձեռնամուխ է լինելու իր պատմության մեջ «ամենակոշտ» հակաամերիկյան ռազմավարության իրականացմանը, հայտնում է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ անցկացված հանդիպման մասին հոդվածում։
Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան հնգօրյա կուսակցական ժողով է անցկացրել՝ 2025 թվականի համար երկրի ուղին որոշելու համար, հաղորդում է KCNA-ն:
«ԱՄՆ-ն ամենառեակցիոն պետությունն է, որը հակակոմունիզմը համարում է իր պետական անփոփոխ քաղաքականությունը»,- գրում է լրատվամիջոցը։
Հոդվածում քննադատվում է նաև Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև խորացող կապը և նշվում, որ դաշինքը «ագրեսիայի նպատակով միջուկային ռազմական բլոկի է վերածվել»։
Ինչպես նշում է հյուսիսկորեական լրատվամիջոցը, Հարավային Կորեան «դարձել է ԱՄՆ-ի անհաշտ հակակոմունիստական ֆորպոստը»։
«Այս իրականությունը հստակ ցույց է տալիս, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք, ինչ պետք է անենք և ինչպես»,- գրում է KCNA-ն։
Ըստ լրատվամիջոցի, այս հանգամանքներում Կիմ Չեն Ընի ելույթը բարձրաստիճան պաշտոնյաներին «պարզաբանել է ամենակոշտ հակաամերիկյան հակազդեցության ռազմավարությունը, որը պետք է ձեռնարկվի ագրեսիվ կերպով»։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են այս տարվա սկզբին լայնածավալ ջրհեղեղի արձագանքման միջոցառումները, ինչպես նաև բարեկամ երկրների հետ կապերն ամրապնդելու խոստում է արվել: