Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները
Ժնևում մեկնարկել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև միջուկային խնդրի շուրջ փակ բանակցությունները: Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Բանակցություններն ընթանում են առանց լրատվամիջոցների ներկայության, գործակալությունը չի բացահայտել անցկացման վայրը և մասնակիցների ճշգրիտ թիվը:
Ավելի վաղ ISNA-ն, հղում անելով Իրանի ներկայացուցիչ Ղարիբ-Աբադիին, հայտնել էր, որ հունվարի 13-ին տեղի կունենա քննարկումների նոր փուլ Իրանի և արևմտյան մի շարք երկրների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր թեման միջուկային գործարքի կնքումն է։
Նույն օրը Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին խոսել էր Մոսկվայի և Թեհրանի միջև կնքվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին` նշելով, որ փաստաթուղթը ներառում է 47 հոդված։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Երկու տարվա դադարից հետո Իրանի և եվրաեռյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացվեցին նոյեմբերի 29-ին Ժնևում: Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Տախտ-Ռավանչին։