Բայրամով. Բաքուն դիտարկում է Զանգեզուրին այլընտրանքներ
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ չնայած Հայաստանի համագործակցության բացակայությանը, Բաքուն շարունակում է իր ջանքերը՝ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև և Զանգեզուրին այլընտրանքներ է փնտրում՝ Արաքս գետի վրայով դեպի Իրան կամուրջ կառուցելով:
Ինչպես հաղորդում է Iran Diplomacy-ն, մեջբերելով Tasnim լրատվական գործակալությունը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ իր երկիրը շարունակում է ջանքերը՝ կապ հաստատելու իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ չնայած Զանգեզուրի միջանցքի շուրջ Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությանը։
Անդրադառնալով Արաքս գետի վրայով դեպի Իրան կամրջի կառուցմանը՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը Զանգեզուրին մի քանի այլընտրանք է դիտարկում։
Բայրամովն ասել է.-«Տրանսպորտային գծերի ստեղծումը և Զանգեզուրի միջանցքի հարցը բարձրացվել է 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանը հանձնառու է անարգել հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ցավոք սրտի, 4 տարի շարունակվող բանակցություններն այս ոլորտում դեռևս վերջնական արդյունքի չեն հասել։ Այս միտումը կշարունակվի։ Միաժամանակ, Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակում է աշխատել արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապեր հաստատելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն կապեր հաստատելու և ազատագրված տարածքների տնտեսական ներուժը զարգացնելու համար»։
Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է.«Դեպի Հայաստանի սահման կառուցվող նոր երկաթուղային գիծը մոտենում է այս սահմանին, իսկ Արաքս գետի վրայով դեպի Իրան կամրջի կառուցումը շարունակվում է արագ տեմպերով։ Զանգեզուրին մի քանի այլընտրանք ենք դիտարկում»։