ՌԴ–Իրան փոխադրումների ժամանակը կրճատվել է 11 օրով. Ռուսական երկաթուղիներ
https://parstoday.ir/hy/news/world-i239728-ՌԴ_Իրան_փոխադրումների_ժամանակը_կրճատվել_է_11_օրով._Ռուսական_երկաթուղիներ
Մոսկվայից Իրանի Բենդեր Աբբաս նավահանգիստ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով (ՄՏՄ) բեռնափոխադրումների միջին ժամանակը վերջին երկու տարիների ընթացքում 27 օրից կրճատվել է մինչև 16 օր։
(last modified 2025-11-26T14:29:47+00:00 )
Նոյեմբեր 26, 2025 17:59 Asia/Tehran
  • ՌԴ–Իրան փոխադրումների ժամանակը կրճատվել է 11 օրով. Ռուսական երկաթուղիներ

Մոսկվայից Իրանի Բենդեր Աբբաս նավահանգիստ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով (ՄՏՄ) բեռնափոխադրումների միջին ժամանակը վերջին երկու տարիների ընթացքում 27 օրից կրճատվել է մինչև 16 օր։

Այս մասին այսօր հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Բաքվում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստում։

«Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի երկաթուղայինների լարված աշխատանքի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում Մոսկվայից Իրանի Բենդեր Աբբաս նավահանգիստ բեռնափոխադրման միջին ժամկետը 27 օրից կրճատվել է մինչև 16 օր», – նշել է նա։

Բելոզյորովը նաև նշել է Ադրբեջանի որոշումը Հայաստան բեռնափոխադրումների տարանցման համար սահմանափակումները վերացնելու մասին։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից և Ղազախստանից այդ երթուղավ բեռնափոխադրումներ են իրականացվել։

«Շնորհակալություն եմ հայտնում այս բեռնափոխադրմանը մասնակցած բոլոր երկաթուղիներին, և հույս ունեմ, որ այս երթուղին ակտիվ կզարգանա»,– հայտարարել է Բելոզյորովը։

«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև  Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ: ՄՏՄ-ի երեք երթուղի գոյություն ունի` տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։ 

2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել «Հյուսիս-հարավ»-ի արևմտյան երթուղու Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի կառուցման վերաբերյալ։

Ընդհանուր արժեքը 1.6 մլրդ եվրո է, որից 1.3 մլրդ–ը Ռուսաստանի վարկն է, իսկ մնացածը` իրանական կողմի միջոցները։