ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա. երկրում արտակարգ դրություն է
https://parstoday.ir/hy/news/world-i241130-ԱՄՆ_ի_հարձակումը_Վենեսուելայի_վրա._երկրում_արտակարգ_դրություն_է
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2026 09:14 Asia/Tehran

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:

«Այս հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և հանքանյութերի զավթման փորձը՝ փորձելով բռնի կերպով ոչնչացնել երկրի քաղաքական անկախությունը։ Նրանք չեն հաջողի։ Երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ իրենց ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության գործում», - ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ։

Վենեսուելայի կառավարությունը երկրի բոլոր հասարակական և քաղաքական ուժերին կոչ է անում ակտիվացնել զորահավաքային պլանները և դատապարտել հարձակումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, Կարակասում հարձակվել են նաև պաշտպանության նախարարի տան վրա:

Կարակասում հարվածի տակ են քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի ԱԳՆ-ն: Վենեսուելայի զինված ուժերը դիրքավորվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Վենեսուելան իրեն իրավունք է վերապահում օրինական ինքնապաշտպանության ՝ իր ժողովրդի և անկախության պաշտպանության համար», - հայտարարել է ԱԳ նախարար Իվան Խիլ Պինտոն:

Կարակասի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել, լսվում են կրակոցներ։ Մարտական մեքենաները դուրս են բերվել նախագահական նստավայրից ոչ հեռու գտնվող փողոցներ։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ն հարվածել է նաև Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի դամբարանին՝ Կարակասում գտնվող Կուարտել դե լա Մոնտանյա շենքին։ Այս նախկին ռազմական թանգարանը Չավեսի մահից հետո վերածվել է դամբարանի։ Այնտեղ պահվում են նախկին առաջնորդի մասունքները։

Վենեսուելային սահմանակից Կոլումբիայի նախագահ Գուստավ Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին և Ամերիկյան պետությունների կազմակերպությանը՝ Վենեսուելայում տիրող իրավիճակի պատճառով գումարել շտապ նիստ:

Հավելենք, որ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը հայտնել է, որ Թրամփն անձամբ է հրաման տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին:

Fox News-ի փոխանցմամբ` Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային:

 

Sputnik.