Վենեսուելայի նավթը պատերազմի կածն էր, թե՞ ավարը
-
Petróleos-ի վերամշակման գործարան Վենեսուելայում
Վենեսուելայում վերջին զարգացումները և Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը կրկին ամերիկյան լրատվամիջոցների և վերլուծական շրջանակների ուշադրությունը հրավիրեցին երկրի նավթի վրա։
Չնայած Թրամփի վարչակազմը ամիսներ շարունակ ճնշում էր գործադրում Վենեսուելայի վրա՝ այնպիսի պատրվակներով, ինչպիսին է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այս իրադարձությունից հետո վերլուծությունները ավելի քան երբևէ կենտրոնացել են այն փաստի վրա, որ Վաշինգտոնի հիմնական դրդապատճառը այս լատինաամերիկյան երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսներին հասանելիությունն էր։ Վենեսուելայի նավթի պաշարները, մասնավորապես՝ ծանր հում նավթը, հատուկ տեղ ունեն համաշխարհային էներգետիկ հավասարման մեջ և կարող են ազդել նավթամթերքների շուկայի վրա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի համար Վենեսուելայի նավթի կարևորությանը, CNN-ը հաղորդել է, որ երկրի ծանր և թթու հում նավթը, ի տարբերություն ամերիկյան թեթև նավթի, կենսական նշանակություն ունի դիզելային վառելիքի, ասֆալտի և ծանր արդյունաբերության համար վառելիքի նման ապրանքների արտադրության ոլորտում։ Հեռուստաընկերությունը հաղորդել է, որ համաշխարհային դիզելային վառելիքի պակասը մեծ մասամբ Վենեսուելայի նավթային պատժամիջոցների արդյունքն է, և եթե ԱՄՆ-ն առանց լարվածության գերիշխի այս ռեսուրսների վրա, ապա համաշխարհային նավթի գնի որևէ նկատելի փոփոխություն չի լինի։
Իսկ Atlantic Council վերլուծական կենտրոնը Վենեսուելայի նավթը համարում է ոչ թե պատերազմի ավար, այլ երկրի քաղաքական զարգացումների հիմնական շարժիչ ուժ և նշում, որ իշխանության վերահսկվող փոխանցումը կարող է զգալի տնտեսական և քաղաքական օգուտներ բերել Վաշինգտոնին և ամերիկյան ընկերություններին։ Միևնույն ժամանակ կենտրոնը նշում է, որ Միացյալ Նահանգները կենսականորեն կախված չէ Վենեսուելայի նավթից էներգետիկ անվտանգության տեսանկյունից, սակայն Կարակասի համագործակցությունը Վաշինգտոնի հետ կարող է դեր խաղալ Թրամփի ներքին քաղաքականության մեջ։
Բրիտանական Guardian-ը Վենեսուելայի նավթի վրա Թրամփի կենտրոնացումը համարում է «թմրանյութերի դեմ պատերազմի» պնդման վարկաբեկման նշան և գնահատում է այն որպես ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի բնական պաշարները զավթելու նպատակի հաստատում։
Politico-ն շում է, որ շահութաբերության, անվտանգության և նավթի ցածր գների վերաբերյալ ամերիկյան նավթային ընկերությունների կասկածները ցույց են տալիս, որ նույնիսկ քաղաքական փոփոխությունների դեպքում վենեսուելական նավթի շահագործումը լուրջ մարտահրավերների կբախվի։