Guardian. Պատերազմից հետո Իրանն ավելի ամուր դիրքում է
Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը քննադատող հոդվածում բրիտանական The Guardian-ը գրել է, որ Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով ԱՄՆ նախագահի կողմից սկսված պատերազմը ոչ միայն չի հասել նախատեսված նպատակներին, այլև Իրանին ավելի ամուր դիրքում է դրել՝ իր պահանջները առաջ մղելու համար։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Guardian-ի սյունակագիր Քենեթ Ռոթը գրել է․ «Թրամփը, ով ներկայացել էր որպես «գործարքի վարպետ», այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ստիպված է փնտրել համաձայնագիր, որը նման է Բարաք Օբամայի նախագահության օրոք Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրին»։ Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփի անհաջող պատերազմը որևէ ռազմավարական օգուտ չի բերել Վաշինգտոնին։
Հոդվածագիրը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ազդեցությամբ, Թրամփը հույս ուներ թուլացնել Իրանի կառավարման կառուցվածքը՝ ռազմական հարվածների և լայնածավալ ճնշման միջոցով, սակայն այդ նպատակը չի իրականացվել։ Հոդվածում ասվում է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումը զգալի տնտեսական հետևանքներ է ունեցել Միացյալ Նահանգների համար և մեծացրել է գնաճային ճնշումները։
Պարբերականը հավելում է, որ Թեհրանը, գիտակցելով Վաշինգտոնի կողմից լարվածությունը նվազեցնելու և էներգետիկ ուղիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, կարող է պահանջել ավելի շատ զիջումներ, մինչդեռ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի հրթիռային ծրագիրը և դիմադրության խմբերին աջակցությունը, մեծ տեղ չեն զբաղեցնում հնարավոր համաձայնագրում։