Թեհրանի մարտավարությունը՝ Շվեյցարիայում Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ քառակողմ հանդիպման ընթացքում
Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել է Իրանի, ԱՄՆ-ի, Կատարի և Պակիստանի մասնակցությամբ քառակողմ հանդիպում, որի հիմնական թեման եղել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացումը։
Իրանական կողմի պաշտոնյաների խոսքով՝ հանդիպման նպատակը եղել է ոչ թե անցյալի անարդյունավետ և ձգձգվող բանակցությունների կրկնությունը, այլ գործնական և ստուգելի արդյունքների ձեռքբերումը։
Բանակցությունների ընթացքում Թեհրանը ընդգծել է ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, Լիբանանում պատերազմի դադարեցումը, տնտեսական սահմանափակումների մեղմացումը և Իրանի սառեցված ակտիվների ազատումը։
IRNA-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքը ցույց է տվել, որ Իրանը որդեգրել է «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքը՝ իր յուրաքանչյուր քայլը պայմանավորելով Վաշինգտոնի կողմից համապատասխան փոխադարձ գործողությունների իրականացմամբ։ Այդ շրջանակում քննարկվել է միջուկային ծրագրի, պատժամիջոցների և տարաձայնությունների կարգավորման հարցերով մասնագիտացված աշխատանքային խմբերի ձևավորումը, ինչպես նաև վերահսկողական մեխանիզմների ստեղծումը։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր ուղղություններից են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումների վերացման գործընթացի առաջմղումը, սառեցված ակտիվների մի մասի ազատման դյուրացումը և Լիբանանում լարվածության վերահսկման մեխանիզմների ձևավորումը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ շվեյցարական բանակցությունների գլխավոր առանձնահատկությունն անցյալի փորձերի համեմատ Թեհրանի կողմից շոշափելի արդյունքների և պարտավորությունների գործնական ստուգելիության վրա դրված շեշտադրումն է։ Այդ պատճառով գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կգնահատվի ոչ թե հրապարակվող հայտարարություններով, այլ առաջիկա շաբաթներին ամերիկյան կողմի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման աստիճանով։
Փոխադարձ վստահության պակասը շարունակում է մնալ երկու երկրների հարաբերությունների հիմնական խոչընդոտը, իսկ առաջիկա 60 օրերը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ այս դիվանագիտական գործընթացի հետագա ճակատագրի համար։