Պատերազմն Իրանի դեմ և ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության կրկնվող օրինաչափությունը
Ամերիկյան CounterPunch պարբերականը քննադատական դիտանկյունից անդրադարձել է Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած պատերազմին՝ այն գնահատելով որպես վերջին տասնամյակների ընթացքում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականության շարունակություն։
Պարբերականի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմերը բազմիցս, արտաքին սպառնալիքները չափազանցնելով, նախադրյալներ են ստեղծել մեծածախս պատերազմներ սկսելու համար։ Այս տեսանկյունից Իրանի դեմ վերջին հարձակումը նույն քաղաքականության շարունակությունն է, որը նախկինում դրսևորվել էր Վիետնամի պատերազմի և Իրաք ներխուժման ժամանակ։ Այդ պատերազմները սկսվել էին անվտանգության նկատառումներով ներկայացված հիմնավորումներով, սակայն հանգեցրել էին ծանր մարդկային, տնտեսական և քաղաքական հետևանքների։
Pars Today-ի հաղորդմամբ՝ պարբերականը Դոնալդ Թրամփին ներկայացնում է որպես ԱՄՆ-ի հերթական նախագահը, որը, հղում անելով Իրանի կողմից իբր գոյություն ունեցող «անմիջական սպառնալիքի» մասին չապացուցված պնդումներին, նախապատրաստեց Վաշինգտոնի ներգրավումը ռազմական առճակատման մեջ։ CounterPunch-ի կարծիքով՝ ինչպես Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մասին պնդումները հետագայում անհիմն դուրս եկան, այնպես էլ Իրանի դեմ հարձակման համար ներկայացված հիմնավորումները չկարողացան ապահովել հայտարարված նպատակների իրականացումը։
Զեկույցում նաև նշվում է, որ վերջին պատերազմը ոչ միայն ԱՄՆ-ին չբերեց որևէ հստակ ռազմավարական ձեռքբերում, այլև նոր մարտահրավերներ ստեղծեց էներգետիկ շուկաների, համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային կայունության համար։ Հեղինակի գնահատմամբ՝ հակամարտությունից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները նույնպես ցույց են տալիս, որ պատերազմի սկզբնական նպատակներից շատերը, այդ թվում՝ Իրանի հնարավորությունների լիակատար զսպումը, չեն իրականացվել։
CounterPunch-ը նաև քննադատում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմական ուղղվածությունը՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակում է «ազգային անվտանգության» հայեցակարգի և սպառնալիքների չափազանցման միջոցով արդարացնել պաշտպանության ծախսերի ավելացումն ու արտաքին միջամտությունները։ Պարբերականի համոզմամբ՝ նման մոտեցման շարունակությունը ոչ միայն չի ամրապնդել ԱՄՆ-ի միջազգային դիրքերը, այլև երկրի վրա դրել է զգալի քաղաքական և տնտեսական բեռ։
Ընդհանուր առմամբ, այս վերլուծությունը եզրակացնում է, որ Իրանի դեմ վերջին պատերազմն ավելի շատ արտացոլում է Վաշինգտոնի ռազմական ռազմավարության սահմանափակումները և Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը, քան ԱՄՆ-ի հզորությունը։