Ղազախստանն Իրանի հարավում բեռնափոխադրման տերմինալ կկառուցի
Ղազախստանի փոխվարչապետ և ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը հայտարարել է, որ երկիրը նախատեսում է բեռնափոխադրման տերմինալ կառուցել Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգիստում։
Նրա խոսքով՝ մասնավոր ներդրումներով իրականացվող նախագիծը կընդլայնի Ղազախստանի մուտքը դեպի Հարավային և Հարավարևելյան Ասիայի շուկաներ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ժումանգարինը նշել է, որ տերմինալը կկառուցվի 15 հեկտար տարածքում և կօգտագործվի Ղազախստանից արտահանվող տարբեր տեսակի ապրանքների բեռնաթափման, բեռնման և փոխադրման համար։
Նա նաև անդրադարձել է Թուրքմենստանի և Իրանի տարածքով անցնող երկաթուղային միջանցքին՝ նշելով, որ երթուղին սկսվում է Ակտաուի նավահանգիստից, անցնում է Թուրքմենստանով, ինչպես նաև Ատրեկի և Սարախսի սահմանային անցակետերով և հասնում մինչև Պարսից ծոց ու Բանդար Աբբաս։
Ժումանգարին ընդգծել է, որ այս միջանցքը կհեշտացնի Ղազախստանի առևտրային կապերը Հնդկաստանի, Արևելյան Աֆրիկայի, Պարսից ծոցի երկրների և Հարավարևելյան Ասիայի շուկաների հետ՝ դառնալով երկրի արտաքին առևտրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը։
Նա նաև կարևորել է Չաբահար նավահանգիստի դերը տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության զարգացման գործում և նշել, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղազախստանի ներկայությանն ու գործունեությանը նաև այդ նավահանգստում։