ՆԱՏՕ-ն կտրուկ փոխել է վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին
https://parstoday.ir/hy/news/world-i25384-ՆԱՏՕ_ն_կտրուկ_փոխել_է_վերաբերմունքը_ղարաբաղյան_խնդրին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վարշավայի վեհաժողովի ամփոփիչ կոմյունիկեում կետ կլինի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 09:51 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն կտրուկ փոխել է վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վարշավայի վեհաժողովի ամփոփիչ կոմյունիկեում կետ կլինի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

«Մեր ուղերձն այն է, որ կոչ ենք անում կողմերին թուլացնել լարվածությունը եւ զերծ մնալ բռնությունից, ինչպես նաեւ շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման որոնումները», նշել է նա:

Մինչ այժմ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր ամփոփիչ հայտարարություններում ընդգծվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան կարգավորման անհրաժեշտությունը: Ավելին, դեպքեր են եղել, երբ Հայաստանի նախագահը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի վեհաժողովներին` Չիկագոյում ու Լիսաբոնում, որովհետեւ ամփոփիչ կոմյունիկեի տեքստում նշվում էր միայն տարածքային ամբողջականությունը՝ առանց հիշատակելու ինքնորոշման իրավունքը:

Դատելով Ստոլտենբերգի հայտարարությունից՝ ՆԱՏՕ-ն վերանայել է իր մոտեցումները եւ հիմա պնդում է բացառապես խաղաղ կարգավորում՝ կոչ անելով կողմերին անձամբ որոշել կարգավորման սկզբունքները:

Սա նոր մոտեցում է, որը կարող է վկայել տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների արատավոր հակադրության վերջի մասին, որոնք այս տարիների ընթացքում պնդում էին միջազգային միջնորդները:

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կարելի է խոսել միայն մեծ վերապահումով: Հայկական կողմը ցույց է տվել, որ պատրաստ է պաշտպանել նախորդ պատերազմի ժամանակ գծված սահմանները, իսկ ադրբեջանական կողմը ցույց է տվել, որ ունակ չէ ուժով փոխելու այդ սահմաններն անգամ Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցությամբ:

Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է դարձել, որ այսուհետ հակամարտության «խաղաղ» կարգավորումը կարող է հանգել միայն մի բանի՝ Ադրբեջանը ճանաչում է սըեղծված իրավիճակն ու տարածաշրջանի ապաշրջափակումը:

Ադրբեջանը դիմադրում էր, քանի որ ուներ Թուրքիայի եւ Ռուսաստանի աջակցությունը: Սակայն Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն օրերս հայտարարել է, որ Թուրքիան համաձայն է ցանկացած լուծման, որը ձեռնտու է Ադրբեջանին: Ռուսաստանը պաշտոնապես նույնն է հայտարարում: Բացի այդ, վերջերս Կրեմլին մոտ կանգնած փորձագետներից մեկն Ադրբեջանի համար աղետ է կանխատեսել, եթե այն որոշի նոր ռազմական արկածախնդրության դիմել: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն էլ հայտարարություն է տարածել, որը վերջ է դնում հակամարտությունը «սեպարատ» կարգավորելու Ռուսաստանի մտադրություններին:

Հիմա եկել է ՆԱՏՕ-ի հերթը, որը դադարել է խոսել տարածքային ամբողջականության մասին՝ պնդելով միայն խաղաղ կարգավորումը: Այդ, ինչպես նաեւ Ղարաբաղում սահմանների աննախադեպ ամրապնդման ֆոնին Հայաստանում ուժեր են գտնվում, որոնք դեռ մտածում են տարածքային զիջումների անխուսափելիության եւ Երեւանի վրա Մոսկվայի ճնշման մասին: Համաշխարհային կոնյունկտուրան Հայաստանին թույլ է տալիս այն, ինչ երբեք հասանելի չէր՝ սեփական սահմանների ու ինքնիշխանության պահպանումը:

Հայերից միայն մեկ բան է պահանջվում՝ համարժեք լինել համաշխարհային միտումներին եւ չսպասել հետեւից հարվածին:

lragir.am

9/7/2016