Politico. ԵՄ փոքր երկրները դժգոհ են խոշոր հարեւանների հարկադրանքից
Եվրամիության անդամ փոքր երկրները դժգոհ են, որ Գերմանիայի գլխավորությամբ ավելի խոշոր երկրների կողմից հարկադրանքի են ենթարկվում: Այս մասին հայտնում է Politico պարբերականը, փոխանցում է news.am-ը:
«Եվրոպայի բոլոր փոքր անդամները դժգոհ են, քանի որ ԵՄ շրջանակներում որոշումներ ընդունելիս մեծ երկրները՝ Բեռլինի գլխավորությամբ, իրենց փոխարեն են հանդես գալիս: Այդ մտահոգությունը հաստատել են ԵՄ-ում ստեղծված տարածաշրջանային տարբեր միավորումները, օրինակ՝ սկանդինավիական, մերձբալթյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրների, այսպես կոչված, Վիշեգրադյան միավորումը»,- հայտնում է պարբերականը:
Սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում տեղի ունենալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի նախաշեմին, որն առաջին անգամ տեղի կունենա առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ հանդիպման հաջողության համար անհրաժեշտ է «ձերբազատվել «հին» եւ «նոր» երկրների (Եվրամիության անդամներ) ընդդիմախոսության պարզունակ տրամաբանությունից»:
Բելգիայի վարչապետն ակնկալում է, որ Բրատիսլավայի գագաթաժողովը «եվրոպական նախագծին նոր խթան կհաղորդի», մասնավորապես՝ անվտանգության եւ տնտեսական քաղաքականության հարցերում:
lratvakan.am/
1/9/2016