Էրդողանը կրկին անդամակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը
Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո, այսօր կեսօրին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) շարքերը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը համարվում է Թուրքիայի չորրորդ կուսակցական նախագահը:
Ըստ հաղորդման այսօր` մայիսի 2-ին, ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական առաջարկը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայիս նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ մայիս 21-ին կուսակցությունը կանցկացնի արտահերթ համագումար, որտեղ կառաջադրվի Էրդողանի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում:
Յըլդըրըմը համոզմունք է հայտնել, որ այդ համագումարի ընթացքում Էրդողանը միաձայն կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:
Այդպիսով Թուրքիայի վարչապետը լքում է կուսակցության նախագահի պաշտոնն իր տեղը զիջելով Էրդողանին: