Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում Էրդողանի՝ միջնորդի դեր ստանձնելու առաջարկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ առաջարկել է միջնորդի դեր կատարել Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի տարածքների (Քաշմիրի) հետ կապված բանակցություններում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը:
«Երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան Քաշմիրում թափվող արյունը դադարեցնելու նպատակով կարող է նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության ակտիվացմանը»,- առաջարկել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նշել է, որ Քաշմիրի խնդիրը «ընդհանուր մտահոգություն» է և Թուրքիան պատրաստ է «լիովին աջակցել» ահաբեկչության դեմ պայքարին:
Սակայն հնդկական կողմը մերժել է այս առաջարկը՝ համարելով, որ խնդիրը վերաբերում է երկու կողմերի միջև անդրսահմանային ահաբեկչությանը:
Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին համաձայնել է Թուրքիայի նախագահի այն կարծիքի հետ, որ բոլոր երկրները պետք է միավորեն ուժերը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն մերժել է միջնորդության առաջարկը:
armedia.am/