Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 ակտիվիստների կալանավորման հարցով:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հաստատելով, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն ընդգծել է.«Գերմանիայի քաղաքացու և ևս հինգ իրավապաշտպանների այդ թվում Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրենի կալանավորումն անընդունելի է և Բեռլինը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին:
Թուրքիայի դատարանը երեքշաբթի օրը մարդու իրավունքների վեց ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի մի քաղաքացու կալանավորման հրաման է արձակել, նրանց մեղադրելով ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայի դատարանի այդ որոշումը և կոչ է արել անհապաղ բաց թողնել իրավապաշտպաններին: