Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է նոր փուլ սկսել թուրք-գերմանական հարաբերություններում
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ հանդիպմանն ընդառաջ հատուկ հոդված է պատրաստել գերմանական Funke մեդիա ընկերության համար:
Նա առաջարկել է նոր փուլ սկսել թուրք-գերմանական հարաբերությունների զարգացման մեջ:Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Չավուշօղլուն իր հոդվածում նշել է, որ 2017 թվականը ծանր տարի է եղել թուրք-գերմանական հարաբերությունների տեսանկյունից, սակայն այժմ երկու կողմերն էլ կողմ են հարաբերությունների զարգացման նպատակով նոր երկխոսության մեկնարկ տալուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ հարաբերությունների վերականգնման համար Գերմանիան պետք է նախ ճանաչի Թուրքիայում վերջին 15 տարիների ընթացքում իշխող կուսակցության՝ քաղաքական դաշտ մտնելու հետ մեկտեղ ձեռք բերված մեծ առաջընթացն ու ձեռքբերումները, ինչպես նաև վերանայի իր մոտեցումները Թուրքիայի ներքին քաղաքականության ու մի շարք ներքին ճգնաժամերի հետ կապված:Չավուշօղլուն նշել է, որ այդ առումով Թուրքիան ակնկալում է Գերմանիայից առավել լայն աջակցություն քուրդ գրոհայինների ու հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գյուլենականների դեմ պայքարում:Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան ազատ էր արձակել Գերմանիայի մի քանի քաղաքացու, որոնք կալանավորվել էին ավելի վաղ: Այս առիթով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր գոհունակությունն էր հայտնել ու նշել, որ հույս ունի, թե Գերմանիան ու Թուրքիան կկարողանան վերականգնել միմյանց հանդեպ վստահությունը:Օրեր առաջ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից New York Times-ը նշել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի և Եվրամիության անդամ մի շարք երկրների հետ լարված հարաբերությունների մեկ տարուց հետո ջանում է վերականգնել բարիադրացիական հարաբերությունները արևմտյան երկրների հետ:Պարբերականի համար զրուցած որոշ փորձագետներ այս իրավիճակը կապել են Թուրքիայում սպասվող ընտրություններով և նշել, որ ցանկանում է հետ շահել այն ընտրողների վստահությունը, որոնք հիասթափության մեջ են հայտնվել Արևմուտքի հետ ունեցած խնդիրների պատճառով առաջացած տնտեսական դժվարությունների և երկրում ներքին ճնշումների աննախադեպ աճի հետևանքով:
tert.am