ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է ՀԳՀԾ-ի նկատմամբ հավատարմությունը
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն արձագանքել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը, վերահաստատելով Մոսկվայի հավատարմությունն Իրանի միջուկային համաձայնության նկատմամբ:
ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ցավ է հայտնել ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշման կապակցությամբ: «Ռուսաստանը դրա համար հիմք չի տեսել, քանի որ Իրանը կատարում է իր վրա վերցված պարտավորությունները, որը հաստատում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը». ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ստորագրեց Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին հրամանագիր: Նա նաև հայտարարեց, որ Իրանի դեմ տնտեսական խիստ պատժամիջոցներ է սահմանելու:
Դոնալդ Թրամփն այն դեպքում է ԱՄՆ-ն դուրս բերել ՀԳՀԾ-ից, երբ համաձայնագրի մյուս անդամ երկրներ՝ Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ: