«Ինտերպոլ»-ի տնօրենը հրաժարական է ներկայացրել
Միջազգային ոստիկանությունը՝ «Ինտերպոլ»-ը տեղեկացրել է կառույցի ղեկավար Մենգ Հոնգվեյի հրաժարականի մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի Լիոնում տեղակայված «Ինտերպոլ»-ի գլխավոր քարտուղարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ կիրակի օրը ստացել է Մենգ Հոնգվեյի հրաժարականը:
Կազմակերպությունը նշել է, որ Մենգ Հոնգվեյի հրաժարականն ընդունվել է:
«Ինտերպոլ»-ը հայտարարել է, որ միջազգային այդ կառույցի ժամանակավոր տնօրեն է նշանակվել կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Կիմ Ջունգ Յանգը:
Չինաստանի վերահսկողական ազգային հանձնաժողովը կիրակի գիշեր մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է. «Չինաստանի օրենքների հավանական խախտման շուրջ հետաքննության նպատակով բերման է ենթարկվել Միջազգային ոստիկանություն՝ «Ինտերպոլ»-ի չինացի տնօրեն Մենգ Հոնգվեյը»:
«Ինտերպոլ»-ի տնօրենն անհետացել էր շուրջ 10 օր առաջ՝ Ֆրանսիայից Չինաստան վերադառնալուց հետո :
64-ամյա Մենգ Հոնգվեյը «Ինտերպոլ»-ի տնօրեն էր ընտրվել 2016 թվականի նոյեմբերին: