Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները (24.Իսլամական հեղափոխության ազդեցությունը հեղափոխության մակրոտեսությունների վրա)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք մինչև իսլամական հեղափոխությունը և այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների մասին ներկայացված գլխավոր տեսություններին և դրանց իրավացիության վրա Իրանի իսլամական հեղափոխության ազդեցությանը:
Իսլամական հեղափոխության մասին կարևոր տեսություններից մեկը մարքսիստական տեսությունն է: Կառլ Մարքսը հեղափոխությունը համարում է պատմական մեկ փուլից մեկ այլ փուլի անցում, որը արտադրության եղանակում փոփոխության արդյունքն է: Այլ խոսքով հեղափոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արտադրող ուժերը հասնում են աճի ու զարգացման գագաթնակետին: Մարքսը հավատացած է, որ իշխող դասակարգն այնքան է կեղեքում աշխատավոր դասակարգին, որ դա հանգեցնում է դասակարգային իրազեկման և ի վերջո իշխանավորների դեմ աշխատավորական հեղափոխության: Իրականության մեջ Կառլ Մարքսը հեղափոխության արմատը համարում է տնտեսական:

Օլիվեր Ռոյի նման որոշ գրողներ փորձել են այնպես ներկայացնել, որ իբր Իրանի իսլամական հեղափոխությունը մարքսիստական արմատ է ունեցել և դրա ղեկավարությունը վերագրում են ոչ թե հոգևորականներին այլ մտավորականությանը:
Իսլամական հեղափոխության մասին մարքսիստական տեսությունը մերժելով պիտի ասել, որ թեև Իրանի իսլամական հեղափոխությունը միակողմ հեղափոխություն չէր, բայց անկասկած նրա գլխավոր արմատը տնտեսական հարցերը չեն եղել: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս տեսությունը վիճարկելով ասում է. «Ես չեմ կարող ու նաև որևէ խելացի մարդ չի կարող ենթադրել, որ ասվի թե մենք արյուն նվիրեցինք, որ սեխը էժանանա, մենք մեր երիտասարդներին կորցրեցինք, որ բնակարանը էժանանա, մենք արյուն նվիրաբերեցինք, որ մեր գյուղատնտեսությունն այսպես դառնա...Տրամաբանական է, որ ասվի ես նահատակվում եմ, որ իմ ստամոքսը կուշտ լինի: Սա տրամաբանական չէ: Բոլոր խավերը, կանայք փողոց դուրս եկան...բոլորի կարգախոսն այն է, որ մենք իսլամ ենք պահանջում: Մեր առաջնորդներն էլ իրենց կյանքը տվեցին իսլամի ոչ թե տնտեսության համար»:
Այս տեսությունը նաև վիճարկվել է հեղափոխության բնագավառի տեսաբանների կողմից: Մանսուր Մոադելը մեկն է այն տեսաբաններից, որն այդ կապակցությամբ գրում է. «Տնտեսական դժվարություններն ու հասարակական դժգոհությունները չեն կարող պատճառաբանել իրանական 1350-ական վերջերին (1970-ական) ծագած հեղափոխական ճգնաժամը: Հեղափոխական ճգնաժամը ծագեց այն ժամանակ, երբ շիա հեղափոխական դիսկուրսից ծնվեց դժգոհ խմբերի շարժումը»: Միշել Ֆոքոն էլ ընդգծում է. «Եթե Իրանի իսլամական հեղափոխությունը տնտեսական հեղափոխություն լիներ, դրան չպիտի մասնակցեին բարեկեցիկ խավերն, ասենք Իրանի ազգային ավիացիայի կամ Աբադանի նավթազտարանի աշխատողները»: Ֆոքոն հավելում է. «Այդ ժամանակ Իրանում տնտեսական խնդիրներն այնքան լուրջ չէին, որ հնարավոր լիներ ժողովրդին հարյուր հազար հոգանոց կամ միլիոնանոց խմբերում փողոց հանել և մերկ կրծքերը վահան դարձնել գնդակների դիմաց»:

Ջեյմս Դեյվիսն էլ հեղափոխության ոլորտի հայտնի տեսաբաններից է, որ ներկայացրել է «Համեմատական զրկվածության» կամ «Ջի կորագծի» հայտնի տեսությունը: Դեյվիսը հավատացած է, որ չքավորությունը կամ «բացարձակ զրկվածությունը» չի կարող ընդվզման կամ հեղափոխության համար շարժառիթ ծառայել, քանի որ բացարձակ զրկվածության պայմաններում ժողովուրդն ամեն ինչի առաջ ձգտում է վերացնել իր տարրական կարիքները: Երբ մարդիկ ապրում են ամենածայրահեղ պայմաններում անհնարին է որ ընդվզման դիմեն: Կարևորը «համեմատական զրկվածությունն» է: Դա ոչ թե բացարձակ զրկվածությունն է, որ հանգեցնում է հեղափոխության այլ «համեմատական զրկվածությունը»: Երբ բարեկեցության երկարատև մի շրջան է լինում առաջանում է այն ակնկալիքը, որ հնարավոր է կարիքները մշտապես ապահովել և առավել լավ կյանքի պայմաններ ստեղծելու համար կայուն վստահություն ու ակնկալիք է ծնվում: Երբ աճի ու կայուն բարեկեցության այդ երկարատև շրջանին հաջորդում է անկման մի շրջան և կրճատվում են ծառայություններն ու արտադրանքն անվստահության մթնոլորտ է ստեղծվում և մարդիկ սկսում են խորհել որ այլևս չեն կարողանալու ապահովել իրենց կարիքները և այս իրավիճակում ժողովրդի ցանկության և այն ինչի միջև որ նա վաստակում է մեծ անջրպետ է առաջանում: Իհարկե միշտ է ակնկալիքների ու իրականությունների միջև անջրպետ գոյություն ունի, բայց նման պայմաններում ակնկալիքները շարունակում են աճել, իսկ տնտեսական պայմանների հանկարծակի անկումը անհանդուրժելի ճեղքվածք է առաջացնում, հետևաբար հիասթափության բարձր մակարդակը հանգեցնում է հեղափոխական վարքագծի ու բողոքների: Եթե այս ճեղքվածքը որոշ չափերից ավելի մեծանա դառնում է անհանդուրժելի և դրա արդյունքը լինում է հիասթափությունը և հավաքական ագրեսիան, որի դրսևորումը նկատում են շարժումների ու հեղափոխությունների մեջ»:

Իրանի իսլամական հեղափոխությունը խախտեց Ջեյմս Դեյվիսի տեսությունը և ապացուցեց, որ բոլոր հեղափոխությունները չի կարելի համեմատական զրկվածությամբ ու տնտեսական արմատներով բացատրել: Ֆարամարզ Ռաֆիփուրը «Զարգացում և հակասություն» գրքում Դեյվիսի տեսության մասին գրում է. «Իրանի դեպքում նկատում ենք, որ իրանական 1345-ից 1355 թվականներին (1966-1976) գրագետների և ուսանողների թիվն արագորեն աճել էր: Ժողովրդի եկամտի վիճակն էլ բարելավել այն պատճառով, որ նաև ՀՆԱ-ն հարմար գնով նավթի վաճառքի պատճառով աննախընթաց կերպով աճել էր: ՀՆԱ-ի այս աճը գծային ու շարունակական կերպով շարունակվեց մինչև 1356 թվականը (1977) երբ հեղափոխության առաջին նշույլը երևան եկավ Ղոմ քաղաքում ու տարածվեց այլ քաղաքներում: Հետևաբար պրն. Դեյվիսի «Ջի կորագիծը», որ շատ վերլուծաբաններ ու գիտնականներ ցանկանում են դրա հիման վրա բացատրել Իրանի հեղափոխությունը հստակ ու պարզ կերպով և հիմք ընդունելով Կենտրոնական բանկի վիճակագրական թվերն Իրանի հեղափոխության դեպքում մերժվում է»:
Մոհամմեդ Հոսեյն Փանահին մի ուսումնասիրության մեջ ապացուցել է, որ Իրանի իսլամական հեղափոխության իրագործման հարցում ամենաշատ դերակատարությունն ունեցել են արժեքային ու մշակութային գործոնները և տնտեսական ազդակն այս կապակցությամբ մեծ նշանակություն չի ունեցել: Նա այս կապակցությամբ գրում է. «Իսլամական հեղափոխության նպատակների ու արժեքների մասին ներկայացված 659 կարգախոսներից 261-ը (շուրջ 49 տոկոս) քաղաքական նպատակների ու արժեքների մասին էին և արտահայտում էին հեղափոխականների ու ժողովրդի նկատի ունեցած քաղաքական համակարգն ու նրա յուրահատկությունները: Այդուհանդերձ կարգախոսների մեծամասնությունը վերաբերում էր մշակութային արժեքներին ու նպատակներին, որոնց քանակը 359 էր (շուրջ 54 տոկոս): Մշակույթի հետ կապված հեղափոխականների նման քանակությամբ կարգախոսները վկայում են հասարակության մշակութային վիճակի ու ռեժիմի հանդեպ ժողովրդի դժգոհության մասին: Տնտեսական արժեքների ու նպատակների մասին 39 կարգախոսներ կան (շուրջ 6 տոկոս) ինչը վկայում է ժողովրդի ու հեղափոխականների տեսակետից տնտեսական կողմի նվազ կարևորության մասին»: Իրականության մեջ Իրանի իսլամական հեղափոխությունը, որպես 20-րդ դարի վերջին հասարակական հեղափոխություն մերժում է Ջեյմս Դեյվիսի տեսությունը և ապացուցում է, որ բոլոր հեղափոխությունները չի կարելի տնտեսական գործոնի հիման վրա բացատրել:
Չալմերզ Ջանսոնը հեղափոխության ոլորտի հայտնի տեսաբաններից է: Չալմերզ Ջանսոնն օգտվելով Թալքոթ Փարսոնզի և ֆունկցիոնալիստ այլ հասարակագետների ստեղծագործություններից առաջ է քաշում այն հիմնական հարցը, թե ինչո՞ւ կայուն հասարակությունները հանկարծակի կերպով անկարգության են մատնվում և նրանց կառույցը փոխվում է: Ջանսոնի համոզմամբ հասարակական մի համակարգի հավասարակշռությունը կախում ունի դրա արժեքների միջև համապատասխանության աստիճանից ու աշխատանքի բաժանումից և քանի որ այս երկու գործոններն են որոշում հասարակական համակարգի կառույցը, դրանց մեջ փոփոխությունը հասարակական կառույցում փոփոխության է հանգեցնում: Երբ ներքին ու արտաքին ճնշումների պատճառով համակարգում հավասարակշռության խանգարումը զգալի է դառնում և հասարակական կառույցոմ փոփոխությունը դառնում է անհրաժեշտություն, այդ պահին հասարակության համակարգում փոփոխության տարբեր ձև է երևան գալիս: Միայն այս դեպքում է, որ հեղափոխության վտանգն իրական է դառնում: Ջանսոնի համոզմամբ մինչև այնքան ժամանակ, երբ մի հասարակության արժեքները համապատասխանում են դրա իրականություններին հասարակությունը զերծ է մնում հեղափոխությունից:

Շատ տեսաբաններ փորձել են Իրանի իսլամական հեղափոխության պարագային կիրառել Չալմերզ Ջանսոնի տեսությունը և իհարկե այս տեսությունը մեծ մասամբ հնարավոր է կիրառել իսլամական հեղափոխության դեպքում, սակայն իսլամական հեղափոխության իրականացմամբ Չալմերզ Ջանսոնի տեսությանն ուղղված գլխավոր քննադատությունն այն է, որ Ջանսոնն անտեսում է հեղափոխության առաջնորդության դերակատարությունը: Սա ի տես այն բանի, որ շատ տեսաբաններ հավատացած են, որ լուսահոգի Իմամ Խոմեյնիի առաջնորդությունն Իրանի իսլամական հեղափոխության իրագործման դեպքում ուշագրավ դերակատարություն է ունեցել: Իսլամական հեղափոխությունն ապացուցում է, որ միայն արժեքների ու միջավայրի միջև հավասարակշռության խանգարվելը չէ, որ հեղափոխության պատճառ է դառնում, այլ հեղափոխությունը առաջնորդ է պահանջում, որը ժողովրդի կողմից լեգիտիմություն պիտի ունենա և վայելի նրա համակրանքը:
Չալմերզ Ջանսոնի տեսությունը նաև քննադատվում է այն պատճառով, որ նա հեղափոխությունն ու փոփոխությունը համարում է «շեղում», մինչդեռ հեղափոխությունն, այդ թվում Իրանի իսլամական հեղափոխությունը ոչ թե շեղում, այլ դժգոհություն է եղել հանդեպ ժողովրդի ինքնությանն ու պահանջներին հակասող տիրող պայմանների: Այլ խոսքով Իրանի իսլամական հեղափոխությունը մերժում է Ջանսոնի այն տեսությունը, որ հեղափոխությունը համարում է շեղում: Իրանի իսլամական հեղափոխությունը ձևավորվել է Իրանի ժողովրդի ինքնության վերակերտման, կրոնական ու նաև արդարատենչական պահանջների հիման վրա, որը նաև ներառում է տնտեսական բնագավառը: